Նազենի Ղարիբյանը չի լինի ոչ մշակույթի փոխնախարար, ոչ Օպերայի կառավարման խորհրդի նախագահ

Նազենի Ղարիբյանը չի լինի ոչ մշակույթի փոխնախարար, ոչ Օպերայի կառավարման խորհրդի նախագահ

PanARMENIAN.Net - Նազենի Ղարիբյանը չի զբաղեցնի մշակույթի փոխնախարարի պաշտոնը, նա հրաժարվել է նաև Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից: Այս մասին Ղարիբյանը հայտնել է «Հայկական ժամանակին»:

Նա նաև նշել է, որ իրեն փոխարինողները չեն կարողանալու շարունակել նախարարության սկսած գործերը:

«Նրանք նման խնդիր չունեն: Նրանք ոլորտը փոխելու և ռեֆորմ անելու խնդիր չունեն և հենց դրա համար էլ գալիս են, որ չանեն, դա իմ խորին համոզմունքն է», - ասել է Ղարիբյանը:

Նա համոզված է, որդեմ բողոքները «մի հոգի է կազմակերպել գործող իշխանությունից»:

«Նրանց նպատակը մեկն է, որպեսզի թատրոններին չկպնենք, քանի որ դրանց մեծ մասը ֆինանսական և քրեական խնդիրներ ունեն, այստեղ հասկանում ես, որ մարդիկ կազմակերպված պայքարում են, որպեսզի իրենց ձեռք չտան», - ասել է Ղարիբյանը:

Ավելի վաղ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը դեմ է արտահայտվել մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին՝ որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի:

Մինչ այդ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատարան է դիմել՝ իրեն թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացնելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Դիրիժորը մասնավորապես պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019 թվականի հունվարի 14-ի ՀՀ վարչապետի որոշումը, ինչպես նաև մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի՝ 2019-ի մարտի 3-ի հրամանը։

Օրբելյանը մարտի 26-ին մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու թատրոնի տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվը ապրիլի 1- ին բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Արտիստները հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու խոստացել էին հակափաստարկներ ներկայացնել ի պաշտպանություն տնօրենի ու գեղարվեստական ղեկավարի։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---