ՔԿ. Սարգիս Ավագյանի սպանությունը կապված չէ Մարտի 1-ի գործով դատավարության հետ

ՔԿ. Սարգիս Ավագյանի սպանությունը կապված չէ Մարտի 1-ի գործով դատավարության հետ

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Սարգիս Ավագյանի սպանությունը որևէ առնչություն չունի Մարտի 1-ի գործով ընթացող դատավարության ընթացքի հետ:

Սպանված Սարգիս Ավագյանը Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրն է։

ՔԿ-ն այդպիսով անդրադարձել է փաստաբան Սեդա Սաֆարյանի հայտարարությունը։«Փաստաբան Սեդա Սաֆարյանի կողմից Սարգիս Ավագյանի սպանության պատճառների վերաբերյալ այսօր արված հայտարարության կապացությամբ տեղեկացնում ենք, որ այս պահին նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված բավարար ապացույցները բացառում են, որ Ավագյանի սպանությունը որևէ առնչություն ունի Մարտի 1-ի գործով ընթացող դատավարության ընթացքի հետ:Հորդորում ենք՝ խուսափել չճշտված և չստուգված տեղեկատվություն հրապարակելուց»,-ասվում է ՔԿ հայտարարության մեջ:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ Սարգիս Ավագյանի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ն տեղեկացնում է, որ իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են արնանման հետքեր, ինչպես նաև՝ արնանման հետքերի պարունակությամբ իրեր և առարկաներ:

Հայտնաբերվել և օրենքով սահմանված կարգով առգրավվել են դեպքի վայրը և հարակից տարածքները տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները, քննությանը հետաքրքրող ժամանակահատվածի տեսագրությունները, ենթարկվել զննության:

Պարզվել է ականատես վկաների ինքնությունը, ովքեր հարցաքննվել են դեպքի հանգամանքների շուրջ: Այս պահին ստուգվում են ցուցմունքներում մատնանշված հանգամանքները:

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1963 և 1989 թթ.:

«Ձեռնարկվում են անհետաձգելի և ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին: Քրեական գործի քննության շահերց ելնելով՝ այս պահին այլ տեղեկություններ հրապարակման ենթակա չեն: Քրեական գործով դատավարական որոշումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», - ասված է ՔԿ հայտարարության մեջ:

Փաստաբան Սեդա Սաֆարյանը լրագրողների հետ ճեպազրույցում չէր բացառել, որ այս սպանությունը կապված է Մարտի 1-ի գործի հետ։

Հունիսի 10-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում ծեծելով, ապա նաև դանակի հարվածով տաքսու վարորդի են սպանել: Միջադեպին փորձել է միջամտել մի երիտասարդ, սակայն նրան նույնպես դանակահարել են: Ավելի ուշ պարզվեց, որ տաքսու սպանված վարորդը Սարգիս Ավագյանն է՝ Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---