Գործակցության առաջարկներ՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» մասնակիցներից

Գործակցության առաջարկներ՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» մասնակիցներից

PanARMENIAN.Net - «Մտքերի հայկական գագաթնաժողովի» մասնակիցներից Bloomberg Media-ի գլոբալ տնօրեն Թոդ Բաերը նախագահի աշխատակազմին ուղղված նամակում գրել է, որ եղել է 80-ից ավելի երկրում, սակայն, «կարող է ասել, որ Հայաստանը յուրահատուկ երկիր է, ուր վստահաբար վերադառնալու է»:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նախագահի աշխատակազմը շնորհակալական նամակներ և տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցելու առաջարկներ են ստանում հունիսի 7-9-ը Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողովի» մասնակիցներից:

Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, շնորհակալություն հայտնելով նախագահ Սարգսյանին միջոցառմանը մասնակցելու հրավերի համար, նշել է, որ երկօրյա «ուղեղային գրոհը» օգտակար էր ոչ միայն կազմակերպիչների, այլև մասնակիցների համար:

«Համոզված եմ, որ « Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող՝ ժամանակակից զարգացման հարցերին նվիրված մյուս միջազգային համաժողովները կարևոր դեր կխաղան հայ-ռուսական հարաբերություններում՝ ներգրավելով Ռուսաստանի առաջատար մասնագետների տնտեսության, բնական գիտությունների, հումանիտար ոլորտներից»:

Նախագահ Սարգսյանին իր շնորհակալությունն ու համագործակցության պատրաստակամությունն է փոխանցել Եվրոպական հարավային աստղադիտարանի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Քսավիե Բարկոնը:

«Մտքերի հայկական գագաթնաժողովը» կարևոր առիթ էր՝ հասկանալու Հայաստանի հեռանկարներն ու մեր նպաստը բերելու Ձեր երկրի զարգացման հնարավորություններին: Ես օգտվեցի առիթից՝ ընդգծելու, թե ինչպես կարող է հատկապես գիտական հարցերի շուրջ համագործակցությունը հանգեցնել համատեղ բարգավաճման»,– գրել է նա՝ հայտնելով աստղագիտության ոլորտում Հայաստանի գիտական ինստիտուտների հետ համագործակցության իրենց պատրաստակամությունը:

Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանի պրոֆեսոր Ելենա Կորոստելևան նշել է, որ տպավորված է գագաթնաժողովի քննարկումների որակով և դրանց ռազմավարական բնույթով: Նա նշել է, որ միջոցառման ժամանակ շատ տաղանդավոր երիտասարդների է հանդիպել և առաջարկել է հաջորդիվ քննարկումներ նախատեսել նաև երիտասարդների համար:

Ֆրանսիայի Սեն Մալոյի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Ժան Ժակ Մոնթուան նույնպես համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ կցանկանար հնարավորինս օգտակար լինել Հայաստանին:

Գագաթնաժողովը Դիլիջանում կազմակերպելու և բարձր մակարդակով անցկացնելու համար հայկական կողմին իր շնորհակալությունն է հայտնել նաև գագաթնաժողովի համակազմակերպիչ, «The Monthly Barometerի» հիմնադիր Թիերի Մալըրեն, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---