Վարչապետը՝ Սինանյանին. Սփյուռքի հետ ավելի արդյունավետ քաղաքականություն է պետք

Վարչապետը՝  Սինանյանին. Սփյուռքի հետ ավելի արդյունավետ քաղաքականություն է պետք

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին, հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փաշինյանն ասել է, որ սփյուռքը 2018-ի քաղաքական իրադարձություններում լիարժեք մասնակից է եղել:

«Մի քանի այցերի արդյունքում եկա այն համոզման, որ մենք Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է փոխենք և այն դարձնենք ավելի արդյունավետ, որի հիմնական նպատակադրումը պետք է լինի Սփյուռքի առավել մեծ ներգրավվածությունը Հայաստանում, Հայաստանի տնտեսական կյանքում, Հայաստանի հանրային կյանքում, Հայաստանի քաղաքական կյանքում, Արցախում և ընդհանրապես, մեր հայկական նոր օրակարգի ձևավորման և այդ օրակարգի իրագործման աշխատանքներում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին, Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար:

«Պարտավորված եմ զգում և մեծ պատիվ եմ համարում այս աշխատանքը ստանձնելը, նաև մեծ պարտականություն, քանի որ ինչպես Դուք նշեցիք մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի հարաբերությունները հսկայական ներուժ ունեն: Մեր խաղաղ, թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում բացվել են Հայաստանի և Սփյուռքի միջև իրական, իմաստալից, խորը գործակցության դռները, որի արդյունքները կարող են պարզապես անբնութագրելիորեն լավ լինել և Հայաստանի, և Սփյուռքի համար: Սփյուռքը Հայաստանի համար ներկայանում է որպես մի պատրաստի ներուժ, որը պետք է օգտագործել պարզ, լավագույն իմաստով՝ ի շահ հայրենիքի: Հայաստանի Հանրապետությունն էլ ինչ-որ չափով Սփյուռքի հարատևման, ուժեղացման երաշխավորն է», - ասել է Սինանյանը:

Նա հայտնել է, որ սփյուռքում էլ շատ խնդիրներ կան:

«Ես չեմ կասկածում, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նեցուկ կանգնել իր հայրենակիցներին Սփյուռքում, ինչպես որ Սփյուռքի մեր հայրենակիցներն են պատրաստ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը, Արցախին: Շնորհակալության վստահության համար, անելու եմ ամեն ինչ, որպեսզի այդ վստահությունն արդարացնեմ», - ասել է նա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---