ՄԱԿ. Փախստականների քանակն աշխարհում կրկին ռեկորդային է

ՄԱԿ. Փախստականների քանակն աշխարհում կրկին ռեկորդային է

PanARMENIAN.Net - 2018-ին աշխարհում փախստականների քանակը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ հասել է 70,8 միլիոնի: Այդ մասին ասվում է ՄԱԿ փախստականների մասին զեկույցում, որը ներկայացվել է հունիսի 19-ին Բեռլինում և Ժնևում:

Ըստ ՄԱԿ տվյալների, պատերազմի, սովի, բնական աղետների կամ բռնության պատճառով հայրենիքից պարտադրաբար հեռացողների քանակն աշխարհում ամեն տարի աճում է: Ըստ ՄԱԿ փախստականների գծով Գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի, նման մարդկանց իրական թիվը, հավանաբար, ավելին է, քանի որ, օրինակ, ներկայացված վիճակագրության մեջ չեն երևում այն 4 մլն վենեսուելացիները, որոնք հեռացել են երկրից վերջին ամիսներին, գրում է Deutsche Welle-ն:

2017-ին, ըստ ՄԱԿ տվյալների, աշխարհում պաշտոնապես գրանցված 68,5 մլն փախստական կար, իսկ 2009-ին ՝ 43,3 մլն:

ՄԱԿ վիճակագրությամբ, տները լքած 70,8 մլն մարդկանց կեսից ավելին մնացել է իր երկրում՝ 41,3 մլն: 20,4 մլն փախստական այլ երկրներ է փախել պատերազմների և հետապնդումների պատճառով: Բացի այդ, վիճակագրության մեջ ներառվել են 5,5 մլն պաղեստինցիները, որոնց վրա տարածվում է ՄԱԿ հատուկ պաշտպանությունը: Եվս 3,5 մլն մարդ սպասում է փախստականի կարգավիճակի հաստատման:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---