Գլխավոր դատախազը պահանջել է կալանավորել Քոչարյանին

Գլխավոր դատախազը պահանջել է կալանավորել Քոչարյանին

PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վերաքննիչ քրեական դատարանում, ներկայացնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով բողոքի հիմքերը, զավեշտալի ու կրավորական է համարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կեցվածքը։

Գլխավոր դատախազը պահանջել է դատարանից կալանավորել Քոչարյանին, հայտնում է Aysor.am-ը:

Դատախազությունը և տուժողի իրավահաջորդները Վերաքննիչ դատարանում բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը՝ Մարտի 1-ի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու, ինչպես նաև Քոչարյանին Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ կալանքից ազատ արձակելու որոշումները։ Դատավորը, մասնավորապես, կասկածի տակ էր դրել Քոչարյանին ու մյուսներին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը խուսափել է սեփական գնահատականներ հնչեցնել հիմնավոր կասկածի առնչությամբ։ Զավեշտալի ենք համարում այն, որ գործն ըստ էության քննության համար վարույթ ընդունած դատավորը, ձեռքի տակ ունենալով գործի ողջ նյութերը, ընդ որում բազմապատիկ առավել նյութեր, քան խափանման միջոցի հարց քննած մյուս դատարանները, իր որոշման մեջ, թույլ տվեք ասել, կրավորական կերպով արձանագրել է հիմնավոր կասկածի առնչությամբ նախկին դատարանների դիրքորոշումները», - հայտարարել է Արթուր Դավթյանը։

Նա տարօրինակ է համարել այն, որ քրեական գործով նյութերը, որոնք մի քանի տասնյակ հատոր են կազմում, դատավորն, ունենալով իր ձեռքի տակ, կայացնում է մյուս դատական ատյաններից արտատպած որոշում։ Դավթյանը դա համարել է այդ գործով արդարադատություն իրականացնելուց խուսափելու միտում։

Ինչ վերաբերում է խափանման միջոցի ընտրությանը, Դավթյանը հայտարարել է, որ խափանման միջոց կալանքը, որին պնդում է դատախազությունը, ինքնանպատակ չէ։ «Մեղադրյալին մեղսագրված արարքները կազմակերպված, հստակ դերաբաշխմամբ, հանցավոր սխեմայի դրսևորում է, որի դերակատարները տվյալ պահին ծառայողական ուղղակի կախվածություն են ունեցել մեղադրյալ Քոչարյանից։ Պետական ապարատի մի զգալի հատված անմիջական ներգրավվածություն է ունեցել հանցավոր գործունեությանը։ Մեղսագրված իրադարձությունների ընթացքում տասը անձինք են զոհվել, որոնց հանգամանքների շղթայական բացահայտումները ակտիվ, մեղավորների հայտնաբերումը ակտիվ ընթացքի մեջ է։ Քննության ակտիվ ընթացքի առկայության պայմաններում ակնհայտ չէ՞ արդյոք դրանում ներգրավված անձանց փոխադարձ շփումների, օբյեկտիվ քննությանը խոչընդոտներ ստեղծելու մոտիվացիա», - հայտարարել է Դավթյանը՝ չբացառելով նաև մյուս մեղադրյալների հետ հնարավոր շփումը։

Նա պնդել է՝ առավել քան փաստարկված է մեղադրյալի կողմից գործի օբյեկտիվությանը խոչընդոտելու ռիսկը։ «Առաջին ատյանի դատարանը ապօրինի ու անհիմն դատական ակտ է կայացրել՝ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով անձնական երաշխավորությունը։ Գտնում ենք, որ այդ խափանման միջոցը անհամաչափ է, ենթակա է բեկանման և ստեղծված իրավիճակում մեր կողմից ներկայացված հիմնավորումներով մեր օրենսդրությամբ նախատեսված կալանավորումն է», - դիմելով դատարանին՝ հայտարարել է դատախազ Արթուր Դավթյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---