Վարչապետ. ՀՀ-ի բոլոր թշնամիներն անվերապահ պարտվելու են, ներքին, թե արտաքին

Վարչապետ. ՀՀ-ի բոլոր թշնամիներն անվերապահ պարտվելու են, ներքին, թե արտաքին

PanARMENIAN.Net - Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ Ոստիկանության գլխավոր վարչությունում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանի բոլոր թշնամիներին, ներքին, թե արտաքին, սպասվում է անվերապահ պարտություն»:

Փաշինյանն ասել է, որ Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանության գործում հայ ժողովուրդը պետք է լինի միասնական, իսկ երկրի ներքին անվտանգության պատկերացումը նույնպես կապված է այս գաղափարի հետ, քանի որ ոստիկանության զորքերը կոչված են կանխելու երկրի ներսում բռնության որևէ դրսևորում:

«Պետք է ունենանք բռնությունից զերծ հանրություն, որտեղ տեղ չունի բռնությունով հարց լուծելու որևէ մտայնություն, որևէ քարոզչություն: Այս պատկերացումը մենք ամեն օր հետևողական կյանքի ենք կոչում և կյանքի ենք կոչելու: Սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք փորձում են մեկնաբանել որպես թուլություն: Ուզում եմ հստակ հայտարարել՝ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ ՀՀ կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կամ կամքի պակաս կունենա սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքն ու ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում: Մեր կամքը չի սասանվի, ձեռքը չի դողա բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն ՀՀ-ում վերածնել բռնության քարոզչությունը և գործելակերպը»,-ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է, որ նույն սկզբունքն է գործում Արցախի սահմանների պաշտպանության գործում:

«Մենք կողմնակիցն ենք տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն հաստատելուն: Բայց եթե կլինեն ուժեր, որ մեր այս մղումը կփորձեն մեկնաբանել որպես թուլության դրսևորում, ապա կստանան մեր հավաքական կամքի, ուժի վճռական հակահարվածը: Եվ այդ հակահարվածը կհեղինակեն նաև ոստիկանության այն ծառայողնները, որոնք կանգնած են հայ ժողովրդի անվտանգության պաշտպանության դիրքերում: Որևէ թշնամի չի կարող սասանել մեր միասնությունը: Ներքին, թե արտաքին Հայաստանի բոլոր թշնամիներին սպասվում է անվերապահ պարտություն»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Օրվա առթիվ ՀՀ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ոստիկանության պետի կողմից:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---