Դատարանը երկարացրել է Խաչատուրյան քույրերի միմյանց տեսնելու արգելքը

Դատարանը երկարացրել է Խաչատուրյան քույրերի միմյանց տեսնելու արգելքը

PanARMENIAN.Net - Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը երկարացրել է հոր՝ Միխայիլ Խաչատուրյաի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի միմյանց տեսնելու արգելքը: Ըստ դատարանի սահմանած սահմանափակումների, նրանք չեն կարող դուրս գալ տնից երեկոյան 21:00-ից հետո, օգտվել կապի միջոցներից և տեսակցել միմյանց մինչև հուլիսի 28-ը, գրում է BBC-ին:

«Որոշակի գործողությունների արգելքը» խափանման նոր միջոց է, որ ՌԴ քրեական օրենսգրքում է ընգրկվել 2018-ի ապրիլին:

Աղջիկների պաշտպանները պնդում են, որ քույրերը սպանությունը կատարել են ինքնապաշտպանության շրջանակում՝ դիմադրելով տարիներ շարունակվող բռնությանը, և կոչ են անում կարճել քրգործը կամ առնվազն վերաորակավորել մեղադրական հոդվածը:

Ավելի վաղ ՌԴ-ում հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի ճակատագրին է անդրադարձել System of a Down խմբի համահիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ դա բարդ դեպք է, որտեղ «մահացածից բացի մի քանի զոհ կա»:

Հունիսի 19-ին Մոսկվայում պիկետներ են տեղի ունեցել ի աջակցություն Խաչատուրյան քույրերի՝ Մարիայի, Քրիստինայի և Անգելինայի, որոնք մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ:

Աղմկահարույց սպանությունը կատարվել է 2018-ի հուլիսին, Մոսկվայում: Հուլիսի 27-ի երեկոյան Ալուֆևի մայրուղու թիվ 56 շենքի մուտքի աստիճանավանդակում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում ծակող-կտրող գործիքով հասցված բազմաթիվ վերքերով: Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվեցին նրա դուստրերը՝ 17, 18 և 19 տարեկան: Նրանք խոստովանեցին մեղքը: Ինչպես ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, հարցաքննության ժամանակ աղջիկները պատմել են, որ հոր հանդեպ «անձնական հակակրանք են ունեցել, քանի որ վերջինս տևական ժամանակ նրանց բարոյական տառապանքներ է պատճառել»:

Քննությունը հաստատել է, որ Խաչատուրյանը սիստեմատիկաբար ֆիզիկական բռնություն է գործադրել աղջիկների հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողությունների: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա՝ նրանց մոտ խանգարումներ են զարգացել «դաժան վերաբերմունքի սինդրոմի դրսևորմամբ»: Քրիստինայի և Անգելինայի մոտ ի հայտ են եկել նաև հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ: Մարիան հոր վրա հարձակման ժամանկ անմեղսունակ վիճակում է եղել:

Հետաքննությունն ավարտին մոտեցավ 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել է քրեական պատասխանատվությունից: Գործը փոխանցվելու է դատարան 2 ամսվա ընթացքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---