// IP Marketing video - START// IP Marketing video - END

Վրաստանը մոտ $200 մլն կկորցնի ռուս զբոսաշրջիկների այցերի չեղարկումներից

Վրաստանը մոտ $200 մլն կկորցնի ռուս զբոսաշրջիկների այցերի չեղարկումներից

PanARMENIAN.Net - Վրաստանի զբոսաշրջային ոլորտի կորուստը ռուս այցելուների ամրագրումների չեղարկումից հետո արդեն կազմում է մոտ 200 մլն դոլար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիայի հիմնադիր Շալվա Ալավերդաշվիլին:

Նա հավելել է նաև, որ ռուսաստանցի այցելուները չեղարկել են ամրագրումների մոտ 60 տոկոսը, հայտնում է «Sputnik Գրուզիան»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան: Արգելքը կլինի ժամանակավոր և ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ից:

«Սակայն ամրագրումների 40 տոկոսը, որ արվել էր ՌԴ-ից, ուժի մեջ է մնում և մարդիկ խնդրում են օգնել իրենց հասնել Վրաստան: Ուստի, մենք հիմա աշխատում ենք այլ ուղիներ գտնել, պայմանավորվում ենք մոտակա օդանավակայաններում չարթերային չվերթներ կազմակերպելու համար: Խոսքը Երևանի, Բաքվի և Տրաբզոնի օդանավակայանների մասին է: Դա թույլ կտա թեկուզ ինչ-որ բանով օգնել մեր զբոսաշրջիկներին, որոնք, այնուամենայնիվ, ուզում են գալ Վրաստան, և որ դա ավելի թանկ չլինի իրենց համար»,-ասել է Ալավերդաշվիլին:

Ցույցերը Վրաստանում դեռ շարունակվում են: Ցուցարարներն ամեն օր հավաքվում են Ռուսթավելիի պողոտայում և ցրվում են միայն լուսաբացին:

Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը:

 Ուշագրավ
Դերասանը հայտնի է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը. 20 տարի անց» ֆիլմերում երկրորդ պլանի դերերով
Ծրագրի 88%-ը կիրականացվի Միացյալ Նահանգներում, իսկ 12%-ը` Ադրբեջանում
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը