Անանյան. Ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու համար $19-20 մլն է պետք

Անանյան. Ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու համար $19-20 մլն է պետք

PanARMENIAN.Net - Գյումրիում կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որի հիմնումը, նախնական հաշվարկներով, կարժենա 19-20 մլն դոլար: Այդ մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով վարչապետի հանձնարարականին, ըստ որի՝ ավտոմաքսատունը Երևանից Գյումրի պետք է տեղափոխվի:

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու հանձնարարությունը չի կատարվում, հայտնում է Shantnews-ը:

«Իսկ ո՞վ է ասել, որ չի կատարվում: Վարչապետը ձեր հարցի պատասխանը հնչեցրել է ԱԺ-ում՝ որ ավելի համապարփակ լուծում է տրվել՝ Գյումրիում կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որը ոչ միայն իրականացնելու է ավտոմաքսատան ֆունկցիան, այլև իրականացնելու է շատ ավելի ընդգրկուն գործառույթներ: Դրա մեկնարկն արդեն տրվել է»,- ասել է ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ սխալ է պատկերացնել, որ դա իրականություն կարող էր դառնալ մի քանի ամսում:

ՊԵԿ նախագահը հավելել է, որ կգա ժամանակը, որ Երևանում մաքսային ձևակերպումներ չեն իրականացվի: Լինելու են հյուսիսային և հարավային արտաքին գործունեության սպասարկման կենտրոններ: Դրանք կիրականացնեն ոչ միայն մաքսային գործառույթներ: Արտաքին տնտեսական գործունեության հետ առնչություն ունեցող՝ պետական գործառույթները կենտրոնացվելու են մեկ հարթակի կամ մեկ տանիքի ներքո:

«Եթե համարում եք, որ այդ որոշման գալը և վարչապետի հանձնարարականը որևէ աղերս չունեն, դա ուղղակի մտքի թռիչքի ինչ-որ շրջանակներից է»,- հավելել է Դավիթ Անանյանը ու նաև նշել, որ Շիրակի կամ Հյուսիսային կենտրոնի վայրն ընտրված է:

Երևանում գործող ավտոմաքսատան շենքը վարձակալությամբ է տրամադրվել, երբ նոր կենտրոնները լինեն, այն կվերադարձվի վարձակալին:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ ավտոմաքսատունը Երևանից Գյումրի կտեղափոխվի՝ հանձնարարական է տվել:«ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»,-ասվում է գրառման մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 9-ին այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն: Շրջայցի ընթացքում, սակայն, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ տարածքն անբարեկարգ է: «Սա խայտառակ, կեղտոտ վիճակ է: Սա վերաբերմունք է մեր դրոշին ու զինանշանին: Պարգևավճարները պակասեցրեք, տարածքը կարգի բերեք»,-հայտարարել է նա: ՀՀ վարչապետը մտել է մի աշխատասենյակ, որտեղից դուրս գալուց հետո բարկացած ասել էր.«Բոլորը ազատվեն աշխատանքից, ովքեր այստեղ աշխատել են, բոլորը հեռացվեն աշխատանքից»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---