ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են  Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ:Միացյալ Նահանգների անկախության հռչակումը մեծ ազդեցություն ունեցավ համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա՝ ներշնչանքի աղբյուր հանդիսանալով ազատության ու ժողովրդավարության ձգտող բազմաթիվ ժողովուրդների համար: Հպարտ ենք, որ ամերիկահայ համայնքն իր ուրույն ներդրումն է ունեցել ԱՄՆ-ի զարգացման և բարգավաճման գործում՝ հանդիսանալով մեր երկու երկրները կապող կարևոր կամուրջ: Անցած մեկ տարվա ընթացքում աննախադեպ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանում:

Ժողովրդավարությունը վերահաստատվեց մեր երկրում: Վերացան խոսքի ազատության սահմանափակումները: Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով ձևավորվեց նոր կառավարություն, որը վճռական քայլեր է ձեռնարկում օրենքի գերակայության հաստատման և ժողովրդավարության նվաճումներն ամրապնդելու ուղղությամբ: Այսօր առաջնային են արդարադատության համակարգի բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը:

Մենք մեծապես գնահատում ենք անկախությունից ի վեր Հայաստանին տրամադրվող ամերիկյան ֆինանսական և տեխնիկական աջակցությունը: Այն մշտապես կարևոր նշանակություն է ունեցել մեր երկրի զարգացման համար: ԱՄՆ-ի օժանդակությունն այսօր ևս թույլ կտա առավել սահուն ու արագ իրականացնել բարեփոխումները և անշրջելի դարձնել ժողովրդավարությունը Հայաստանում»:

Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Երևանում վերջերս կայացած Հայաստան-ԱՄՆ Ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը: Այն դարձավ մեր երկրների միջև ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունների առաջընթացի վկայությունը: Հայաստանը շահագրգռված է կատարելագործել այդ հարաբերությունները և զարգացնել երկկողմ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում: «Մեծապես կարևորում եմ ԱՄՆ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի հասնել խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության և անվտանգության:

Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ` մաղթելով խաղաղություն, հետագա առաջընթաց և բարօրություն»,-ասվում է ուղերձում:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ:

«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամությունը, տարբեր ոլորտներում առկա բազմոլորտ համագործակցությունը և պատրաստակամ ենք ջանքեր գործադրել դրանք առավել խորացնելու և ընդլայնելու համար:

Հայ-ամերիկյան փոխգործակությանը մեծապես նպաստում են նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ներդրումն ունեն ինչպես Միացյալ Նահանգների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այնպես էլ անգնահատելի ավանդը՝ մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և պահպանման գործում», -մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---