ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ-ում. Մարդու իրավունքները պայմանավորված չեն կարգավիճակով

ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ-ում. Մարդու իրավունքները պայմանավորված չեն կարգավիճակով

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքները պայմանավորված չեն կարգավիճակով՝ պետք է ընդունել դա և գտնել անհրաժեշտ մեխանիզմ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում տարածելու համար: Այդ մասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է Սլովակիայում կայացած «Անցյալի գործողություններից ապագա կանխարգելման. ԵԱՀԿ դերը կայունությունը խթանելու գործում Եվրոպայում և անդին» խորագրով ԵԱՀԿ նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը ունեցած ելույթում:

Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան երկու տասնյակ երկրների ԱԳ նախարարներ, ԵԱՀԿ կառույցների ղեկավարներ:

Իր խոսքում նախարար Մնացականյանն անդրադարձել է ԵԱՀԿ գործունեության երեք հարթություններում առկա մարտահրավերներին՝ ընդգծելով, որ, ըստ էության, ԵԱՀԿ-ն եվրոպական ճարտարապետության մաս է, որը միավորում է բազմակողմ համագործակցությունը մեծապես կարևորող մեծ և փոքր պետությունների:

«Հաշվի առնելով ԵԱՀԿ առավել լայն աշխարհագրությունը, որտեղ ներկայացված են մասնակից պետություններ ՀԱՊԿ-ից, Եվրասիական տնտեսական միությունից, ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից, ինչպես նաև երկրներ, որոնք որևէ միության անդամ չեն, ապա պետք է ընդգծել, որ սա կարևոր հարթակ է՝ փորձարկելու տարբեր գաղափարներ, տարբեր ճանապարհներ, որոնք ուղղված են եթե ոչ տարբերությունների հաղթահարմանը, ապա առնվազն դրանց կառավարմանը։ Սա շատ կարևոր արժեք է, որը պետք է ԵԱՀԿ շրջանակներում գնահատենք և պահպանենք»։

Անդրադառնալով մարդկային հարթությանը` Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ այն, ընդհանուր առմամբ, Եվրոպայում տարածաշրջանային բազմակողմ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքի հիմքում է ընկած, թեև ներկայումս ակնառու է այս ուղղությամբ հետընթացը. «Մարդու իրավունքները և ժողովրդավարության արժեքները հետ են մղվում, ինչը շատ վտանգավոր է»,- ընդգծել է ԱԳ նախարարը։

Զոհրաբ Մնացականյանը շեշտել է ԵԱՀԿ շրջանակում առկա կառույցների՝ ԺՀՄԻԳ-ի, Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի, Ազգային փոքրամասնությունների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի կարևորությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծապես շահել է վերջիններիս հետ համագործակցությունից:

«Մենք պետք է ապահովենք ԵԱՀԿ-ում առկա գործիքակազմի անխափան աշխատանքը: Այն պետք է պահպանվի և աջակցություն ստանա։ Մարդկային չափորոշիչների իրականացման հանդիպման շուրջ ստեղծված իրավիճակը ցավալի է։ Այն ի ցույց է դնում, թե ներկայումս որքան պաշտպանողական է այս հարթությունում մեր գործունեությունը: Տարիներ շարունակ ներգրավված ենք եղել ԵԱՀԿ շրջանակներում մարդկային հարթության երկխոսության մեջ՝ բարձր գնահատելով քաղաքացիական հասարակության դերը, և ըստ իս՝ նրան հետ մղելու փորձերն արդարացված չեն»։

Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարարն անընդունելի է համարել մարդու իրավունքների նկատմամբ ընտրողական վերաբերմունքը: «ԵԱՀԿ-ի շրջանակներում մենք ունենք հակամարտություններ: Մենք պետք է մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ որդեգրենք կարգավիճակով չպայմանավորված մոտեցում: Կան վայրեր, որտեղ մարդիկ ջանում են խթանել մարդու իրավունքները, սեփական ուժերով ստեղծելով համապատասխան ինստիտուտներ, քանի որ չեն վայելում այն աջակցությունը, որը շատերն ունեն: Անընդունելի է, երբ մի պարագայում դա տեղի է ունենում, իսկ մեկ այլ պարագայում՝ ոչ: Մարդու իրավունքները պայմանավորված չեն կարգավիճակով: Մենք պետք է ընդունենք դա և գտնենք անհրաժեշտ մեխանիզմ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում տարածելու համար: Եվ իհարկե, ես նկատի ունեմ նաև Արցախը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերաբերում է մարդկանց։ Այն մարդկանց մասին է, նրանց կենսական, ֆիզիկական անվտանգության մասին: Դա է ընկած մեր մոտեցման առանցքում: Ես ցանկանում եմ նաև այս համատեքստում նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը, որի շրջանակներում մենք փորձում ենք գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը»,-ասել է նա:

Նախարարական ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---