ՀՀ-ում աշնանն առաջին մասնավոր ներդրումային ֆոնդը կբացվի

ՀՀ-ում աշնանն առաջին մասնավոր ներդրումային ֆոնդը կբացվի

PanARMENIAN.Net - «Ամբեր Կապիտալը» Հայաստանում առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի հիմնադիրն է: Նախատեսվում է, որ ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկը կտրվի 2019 թվականի աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանին և ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Արաբյանին:

Նրանք քննարկել են գործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, անդրադարձել ֆոնդի կողմից ֆինանսավորվելիք ներդրումային ծրագրերի ուղղություններին և հեռանկարային ոլորտներին:

Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը Հայաստանի տնտեսությունը մրցունակ դարձնելն է, հանքահումքային արդյունաբերությունից վերամշակող արդյունաբերությանն անցնելը, և տնտեսական աճի համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտներին՝ արտադրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, զբոսաշրջությանը, սարքաշինությանը, Hi-Tech արդյունաբերությանը զարկ տալը:

Վարչապետը նշել է, որ Եվրամիության վիճակագրական ծառայության՝ Եվրոստատի տվյալներով, Հայաստանը 2019 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճի ցուցանիշով Եվրոպայում առաջատարն է, ինչը վկայում է տնտեսության զարգացման դինամիկայի և ընդհանրապես տնտեսական միջավայրի նկատմամբ ձևավորված դրական սպասումների մասին: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև ներդրումային ֆոնդի գործունեությունը՝ Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման, ինչպես նաև կապիտալ շուկաների զարգացման տեսանկյունից:

Ջոզեֆ Ուղուրլյանը նշել է, որ «Ամբեր Կապիտալը» շահագրգռված է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու հարցում և պատրաստ է փոխշահավետ գործակցության:

Կողմերը մտքեր են փոխանակել փոքր և միջին բիզնեսի զարգացման, գործարար միջավայրի բարելավման, ՓՄՁ ներկայացուցիչների համար կրթական ծրագրերի կազմակերպման, երիտասարդության շրջանում սպորտի զարգացման, կորպորատիվ կառավարման թափանցիկության բարձրացման ուղղություններով ծրագրերի իրականացման հարցի շուրջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---