«Սանիթեքը» կներկայացնի «ստվերում մնացած բոլոր փաստերը»

«Սանիթեքը» կներկայացնի «ստվերում մնացած բոլոր փաստերը»

PanARMENIAN.Net - «Սանիթեք» ընկերությունը մամուլի ասուլիս է հրավիրելու, որի ժամանակ կներկայացվեն բոլոր այն փաստերը, որոնք մինչ այս մնում էին ստվերում` բանակցային գործընթացի շահերից ելնելով։ Այդ մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ, որտեղ շեշտվում է, որ ընկերությունը երբևէ չի հրաժարվել վճարել որևէ ենթակապալառուի, մատակարարի կամ աշխատակցի:

«Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկատվության՝ հարկ ենք համարում նշել, որ «Սանիթեք» ընկերությունը երբևէ չի հրաժարվել վճարել որևէ ենթակապալառուի, մատակարարի կամ աշխատակցի: Ընկերությունը, ինչպես ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, ինքնուրույն է տնօրինում իր ֆինանսական ռեսուրսները և ընտրում դրանց ծախսման առաջնահերթությունները:

Այս պահին ընկերությունում առկա են ֆինանսական դժվարություններ, որոնք պայմանավորված են նաև քաղաքապետարանի կողմից կիրառվող չարդարացված ոչ համաչափ սանկցիաներով և չհիմնավորված տուգանքներով։

Անդրադառնալով քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետի կողմից հնչեցրած այն ձևակերպմանը, որ «աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել»՝ ընկերությունը տեղեկացնում է, որ երբևէ ոչ մեկի հետ շատաժի լեզվով չի խոսել և չի խոսում։ Ընկերությունը ենթակապալառուների նկատմամբ վճարային պարտավորություններն այս պահին հնարավորություն չունի կատարել բացառապես քաղաքապետարանի ոչ կառուցողական գործողությունների հետևանքով։

Իսկ ինչ վերաբերվում է քաղաքապետի կողմից հնչեցված հուզական մտքերին, ապա դրանք ավելի են դժվարացնում առանց այն էլ ստեղծված բարդ իրավիճակը և ընկերության բաժնետերերի կողմից նախաձեռնած կառուցողական երկխոսությունը տանում են փակուղի»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ասուլիսի ընթացքում ընկերության ներկայացուցիչները կպատասխանեն բոլոր հուզող հարցերին:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերթական խորհրդակցության ընթացքում անդրադարձել է այն տեղեկություններին, համաձայն որոնց «Սանիթեք» ընկերությունը հրաժարվում է վճարել ենթակապալառուներին՝ քաղաքապետարանի կողմից կիրառվող տուգանքների պատճառով:«Ուզում եմ շատ խիստ կերպով զգուշացնել ձեզ, որ աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել», - ասել է Մարությանը:

Ավելի վաղ քաղաքապետարանը մի քանի անգամ տուգանել է ընկերությանը՝ մայրաքաղաքում աղբահանությունը պատշաճ կերպով չիրականացնելու համար:Երևանի քաղաքապետարանը ստեղծել է քաղաքի աղբահանության զբաղվող կառույց, որը համալրվում է նոր աղբատար մեքենաներով և աշխատակիցներով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---