Նախագիծ. Առանձնապես ծանր հանցանք կատարած անձին ներում շնորհելիս հաշվի կառնվի տուժողի կամ իրավահաջորդի կարծիքը

Նախագիծ. Առանձնապես ծանր հանցանք կատարած անձին ներում շնորհելիս հաշվի կառնվի տուժողի կամ   իրավահաջորդի կարծիքը

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ներման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ. դրանով նախատեսվում է, որ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացնելու դեպքում նախարարությունը պետք է ծանուցի տուժողին կամ նրա իրավահաջորդին:

Նախագծի համաձայն, տուժողը կամ նրա իրավահաջորդը նախարարության ծանուցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, կարող է գրավոր կարծիք ներկայացնել նախարարություն ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ: Նշված ժամկետում կարծիք չներկայացնելը արգելք չէ ներման խնդրագիրը հանձնաժողովի նիստում քննարկելու համար:

Նշվում է նաև, որ անձնական գործը, հանձնաժողովի եզրակացությունը, ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը ենթակա չէ հրապարակման և փոխանցման երրորդ անձանց:

Առաջարկվում է փոփոխություն նաև ներման խնդրագրերը մերժելու դեպքում նոր խնդրագրեր ներկայացնելու կարգում: Գործող օրենքով ներման խնդրագրերը մերժելու դեպքում, եթե առկա չեն բացառիկ հանգամանքներ, ներման նոր խնդրագրերը հանրապետության նախագահի քննարկմանը կարող են ներկայացվել ներման նախորդ խնդրագրերի մերժման օրվանից մեկ տարի հետո:

Առաջարկվում է բացառություն անել դատապարտյալի՝ առողջական վիճակով պայմանավորված կյանքին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, դատապարտյալի՝ առանց խնամքի մնացած երեխայի առկայության, արտակարգ կամ ռազմական դրության, քրեակատարողական հիմնարկում առաջացած արտակարգ իրավիճակներում դատապարտյալի կողմից ցուցաբերված բացառիկ օգնության և համանման այլ հանգամանքների առկայության դեպքում:

Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ՝ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Ներման խնդրագիրը քննարկելու նպատակով նախարարությունը ներման խնդրագիրն ստանալու պահից մեկամսյա ժամկետում ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ կազմում է անձնական գործ և ներկայացնում վարչապետին:

Անձնական գործն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, վարչապետն այն ուղարկում է ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով` ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով: Հանձնաժողովը ներման խնդրագիրն ստանալուց հետո` քսանօրյա ժամկետում, վարչապետին ներկայացնում է եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ:

Վարչապետը հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում, հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն` կցելով ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, անձնական գործը և հանձնաժողովի եզրակացությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---