Լավրովը հայտնել է Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերսկսման պայմանը

Լավրովը հայտնել է Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերսկսման պայմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության արգելքը, եթե իշխանությունները կարողանան կայունացնել իրավիճակը երկրում և վերացնել ռուսաստանցիների անվտանգության սպառնալիքները: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթին:

Լավրովը նշել է, որ ծայրահեղական ուղղվածության քաղաքական ուժերի մի մասը «ռուսատյաց տրամադրություններ է բորբոքում» Վրաստանում: Դա առաջին հերթին վնասում է Վրաստանին և նրա քաղաքացիներին: Լավրովը կարևորել է այն հանգամանքը, որ հանրությունը դատապարտեց վրաց հաղորդավար Գաբունիային, որը անպարկեշտ արտահայտություններ էր թույլ տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ուղիղ եթերում:

Հակապուտինյան տրամադրությունները սրվեցին Վրաստանում հունիսի կեսին: Այն ժամանակ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին ՌԴ պատվիրակության մասնակցության դեմ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին: Ընդդիմությունը դժգոհեց, որ ՌԴ պատվիրակությունը գլխավորող Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին և դիմել ներկաներին ռուսերեն լեզվով:

ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ կատարել դեպի Վրաստան հուլիսի 8-ից՝ «անվտանգության նկատառումներով»: Վրացական ավիաընկերությունները նույնպես չեն կարողանում թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---