Ավինյանը ՄԱԿ-ի փոխքարտուղարին առաջարկել է աշխատել Թուրքիայի կողմից ՀՀ փակ սահմանի հարցը լուծելու ուղղությամբ

Ավինյանը ՄԱԿ-ի փոխքարտուղարին առաջարկել է աշխատել Թուրքիայի կողմից ՀՀ փակ սահմանի հարցը լուծելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանը ոչ միայն աշխարհագրական դիրքի բերումով չունի անմիջական ելք դեպի ծով, այլև չորս սահմաններից երկուսը փակ են։ Այդ մասին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզիական զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար տիկին Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուի հետ հանդիպմանը:

Ավինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ՀՀ աշխարհագրական դիրքի, մասնավորապես՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող թվով 32 երկրների շարքում Հայաստանի առանձնահատկությունների վրա: Այս առումով փոխվարչապետն առաջարկել է Ուտոյկամանուին Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելու հարցի կարգավորման նպատակով գործնական քայլեր ձեռնարկել։ Վերջինս խոստացել է ուսումնասիրել բարձրաձայնված խնդիրները:

Բացի այդ, Տիգրան Ավինյանը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործմամբ համալիր ջրամբարաշինության ծրագրերի վերաբերյալ։ Մատնանշվեց, որ վերոնշյալը ոչ միայն բացասաբար է ազդում Արաքսի ավազանից սնուցվող հողատարածքների վրա, այլև էականորեն խախտում է տարածաշրջանի հիդրոլոգիական և կենսոլորտային հավասարակշռությունը:

Զրուցակիցները կարևորել են դեպի ծով ելք չունեցող երկրների համար ապրանքների անխոչընդոտ փոխադրման հնարավորությունները, ծովային նավահանգիստներին ու համաշխարհային շուկաներին հասանելիության ապահովմանն ուղղված առարկայական ծրագրերի իրականացումը: Այս առումով Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուն ընդգծել է առաջիկայում նախատեսվող Վիեննայի «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների 2014-2024 գործողությունների ծրագրի» միջանկյալ զեկույցի ուսումնասիրության գործընթացում ներգրավված երկրների ակտիվ համագործակցությունը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզիական զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը հատկապես ծով ելք չունեցող զարգացող պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի առումով, հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:

Հայաստանի փոխվարչապետը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---