ԱԱԾ. Դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման խոշոր դեպք է բացահայտվել (վիդեո)

ԱԱԾ. Դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման խոշոր դեպք է բացահայտվել

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կազմակերպված խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, պարբերաբար մեկնելով ՌԴ, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա, եվրոպական տարբեր երկրներ և չունենալով դեղերի ներմուծման հավաստագիր, ձեռք են բերել մեծ քանակությամբ, ինչպես ՀՀ-ում պետական գրանցում չունեցող, այնպես էլ ունեցող տարբեր անվանումներով դեղեր: Այնուհետև, մաքսային հսկողությունից թաքցնելով, պարբերաբար տեղափոխել և առանց փաստաթղթային ձևակերպման 2019թ. փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում իրացրել են մոտ 70 մլն դրամ ընդհանուր արժեքով դեղորայքը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 35 մլն դրամի վնաս:

Տարբեր հասցեներում միաժամանակ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են մոտ 320 անվանում 3.000 տուփ դեղեր՝ նախնական հաշվարկով մոտ 100.000 դոլար ընդհանուր արժողությամբ, դրանց շրջանառության հետ հնարավոր առնչվող գումարներ, մասնավորապես՝ մոտ 90.000 եվրո, 3.5 մլն դրամ և 1300 դոլար, ինչպես նաև վաճառքի վերաբերյալ գրառումներով տետրեր ու էլեկտրոնային կրիչներ, այսպես կոչված՝ «սև հաշվապահություն», հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---