ՄԻՊ․ Ոստիկանության կողմից Իջևանի դեպքերով բերման ենթարկվածների հանդեպ վատ վերաբերմունք չի եղել

ՄԻՊ․  Ոստիկանության կողմից  Իջևանի դեպքերով բերման ենթարկվածների հանդեպ վատ վերաբերմունք չի եղել

PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Իջևանում տեղի ունեցած և դրան հաջորդած իրադարձությունները։

Պաշտպանն ընդգծում է, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում գտնվելու ընթացքում բերման ենթարկված կամ ձերբակալված որևէ անձի նկատմամբ ոստիկանների կողմից վատ վերաբերմունք չի արաձանգրվել:

Նշվում է, որ ոստիկանության ծառայողների դեմ բողոք կամ դժգոհություն չի ներկայացվել: Նույն սկզբունքով, խնդիրներ չեն արձանագրվել նաև Ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայրում: Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ բերման ենթարկելիս կամ ձերբակալելիս փաստացի արգելանքի վերցնելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու սկզբնական փուլերում անձի նվազագույն իրավունքների երաշխավորման, նրա նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ապահովման հարցերը շարունակում են համակարգային առումով լինել խնդրահարույց:

Ըստ ՄԻՊ-ի, պատճառն այն է, որ դրանք չունեն ինստիտուցիոնալ հիմքեր, իսկ օրենսդրությունը չի բովանդակում երաշխիքների պատշաճ կարգավորում: Այլ կերպ՝ խոսքը վերաբերում է ազատությունից զրկելու մեխանիզմի գործադրմանը, այն է՝ փողոցից կամ տանից մարդուն Ոստիկանության բաժին կամ այլ իրավապահ մարմնի գտնվելու վայր տեղափոխելու ընթացքին: Այս խնդիրը հստակ արձանագրված է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու հաղորդումներում: Այն արձանագրված է նաև Պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ Սաահմանադրական դատարանի 2017 թվականի համապատասխան որոշմամբ: Իջևանում գտնվելու ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են նաև այն բժշկական հաստատություն, ուր տեղափոխված են եղել հուլիսի 17-ի բախումների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Ոստիկանության ծառայողները: Վերջիններիս հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ինչպես նաև մանրամասն ուսումնասիրվել են զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական մեդիայում տեղ գտած հրապարակումները:

ՄԻՊ-ը նշում է, որ տվյալներ կան այն մասին, որ բախումների ընթացքում ճանապարհ փակած մի շարք անձինք Ոստիկանության ծառայողների նկատմամբ գործադրել են բռնություն, այդ թվում՝ փայտի կտորներ կամ այլ իրեր ոստիկանների ուղղությամբ նետելով: Լրատվական հրապարակումների դիտարկումը վկայում է, որ Ոստիկանության ծառայողների նկատմամբ թույլ են տրվել նաև նրանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ: Մարդու իրավունքների պաշտպանն այս առնչությամբ մեր բոլոր հայրենակիցներին խնդրում է նկատի ունենալ, որ ցանկացած տեսակի հավաքի ժամանակ, այդ թվում՝ որևէ հարցի առնչությամբ բողոք արտահայտելիս իր ծառայությունն իրականացնող ոստիկանի ուղղությամբ փայտ կամ այլ իր նետելը, նրան վիրավորելն օրենքով արգելված վարքագիծ է:

Նշվում է, որ այդպիսի վարքագիծը հանգեցնում է լարվածության և վտանգում է խնդրի խաղաղ հանգուցալուծումը: Այն հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին: Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում այս ողջ ընթացքում Տավուշի մարզպետի գործադրած ջանքերը և համագործակցությունը Պաշտպանի հետ: Արդյունավետ համագործակցություն է հաստատված եղել Ազգային ժողովի մի շարք պատգամավորների հետ, ովքեր մշտական կապի մեջ են Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Պաշտպանը համապատասխան գրություններ է հասցեագրել ինչպես Ոստիկանություն, այնպես էլ Դատախազություն, պահանջվել են պարզաբանումներ ու բարձրացվել է ստուգողական գործողությունների հարց, այդ թվում՝ քրեական վարույթի շրջանակում ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի առնչությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման վարույթը: Կշարունակվեն ձեռնարկվել օրենքով պահանջվող բոոր անհրաժեշտ միջոցները:

 Ուշագրավ
ՀՀԿ գործունեությունը միտված է բացառապես ազգային և պետական շահի պաշտպանությանը
Դեկտեմբերի 4-ին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը:
Նա նշել է, որ ՌԴ-ն ՀՀ-ին դիտարկում է որպես դաշնակից և հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները