Քաղաքապետը հանդիմանել է «Սանիթեքին». Քաղաքը կմաքրենք առանց ձեզ (վիդեո)

Քաղաքապետը հանդիմանել է «Սանիթեքին». Քաղաքը կմաքրենք առանց ձեզ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչը հերթական անգամ, քաղաքապետ Հայկ Մարությանի հարցմանն ի պատասխան նշել է, որ ընկերությունը չի պատրաստվում ոչ նոր աղբատար մեքենաներ, ոչ նոր աղբամաններ ձեռք բերել:

Մարությանը նշել է, որ քաղաքը չի կարող անվերջ սպասել «Սանիթեքին», և քաղաքային իշխանությունները ձեռնարկել են իրենց գործողությունները:

«Սանիթեք» ընկերության հետ կնքած պայմանագրով 16,000 աղբաման պետք է լինի քաղաքում, այս պահին մոտ 4000 են, բայց այդ եղածներն էլ պիտանի չեն օգտագործման: Մեր քաղաքացիների բնականոն կյանքն ապահովելու համար մենք սկսում ենք փոխարինել դրանք համայնքի ձեռքբերած աղբամաններով: Ամբողջ քաղաքում, ի վերջո, պետք է լինեն նոր աղբամաններ, որոնք ընթացքում պետք է լվացվեն և սպասարկվեն: Քաղաքը չի կարող ունենալ այնպիսի աղբամաններ, ինչպիսին տրամադրում է «Սանիթեք» ընկերությունը: Քաղաքային իշխանությունները թույլ չեն տալու, որ Երևան քաղաքում աղբահանությունը մնա այս վիճակում: Նախընտրական փուլում ասում էի, որ մաքրելու ենք քաղաքը աղբից. ես վերահաստատում եմ այդ կետը՝ անկախ նրանից դա կլինի ձեզ հետ, թե առանց ձեզ: Ձեր ընկերությունը պետք է սթափվի և հասկանա, որ եթե տապալելու է այս գործընթացը, ապա ստանալու է համարժեք գնահատականը», - ասել է Մարությանը:

Նոր աղբամանների տեղադրումը կսկսվի Դավթաշեն և Քանաքեռ-Զեյթուն համայնքներից:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցների համալրումը շարունակվում է: Նախորդ շաբաթ Երևան է հասել երկու նոր աղբահավաք մեքենա, ինչպես նաև քաղաքապետարանի ձեռքբերած աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ 400 հատ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր աղբամանների տեղադրումը համայնքը կսկսի Դավթաշեն վարչական շրջանից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---