Ալթունյան. Ամեն ինչ կարվի, որ Եռաբլուրում տեսահսկման համակարգ տեղադրվի

Ալթունյան. Ամեն ինչ կարվի, որ Եռաբլուրում տեսահսկման համակարգ տեղադրվի

PanARMENIAN.Net - Միջոցներ են ձեռնարկվում Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի գերեզմանաքարերը պղծողներին հայտնաբերելու համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը: «Մեր հերոս տղաների հիշատակի համար կառուցված այս գերեզմանաքարերը կբերվեն պատշաճ վիճակի, որևէ խնդիր չի լինի այս առումով», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը նշել է՝ ամեն ինչ կարվի, որ Եռաբլուրի տարածքում տեսահսկման համակարգ տեղադրվի։ «Ամեն ինչ կանենք, որ ծառայությունն ավելի ուժեղացվի, բայց, ամեն դեպքում, պետք է գտնել էդ մարդկանց, ովքեր արել են, հասկանալ՝ ինչու՞ են արել», - ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս վստահ լինել, որ նման դեպքեր այլևս չեն լինի՝ Գևորգ Ալթունյանն ասել է. «Պետք է երևի հիվանդ մարդիկ չլինեն այս հասարակութան մեջ, հիվանդ ուղեղից այնքան, որ կարողանան գալ ու նման բաներ անել։ Ես նորից եմ ասում ՝ եթե մենք շարժվենք խելագարության կանխավարկածով, այսինքն, որ մեր շուրջբոլորը շատ խելագարներ կան, ովքեր ունակ են նման բանի, մենք չենք կարողանա առաջ շարժվել»։ Ալթունյանն ասաց, որ Եռաբլուրի տարածքն ամեն օր հսկվում է․

«Բայց այս ամենը տևել է ընդամենը մի քանի րոպե։ Տարածքը չի փակվում, այն բաց է, ցանկացած մարդ ցանկացած ժամի կարող է գալ ու գնալ, հիմա ամեն եկողի հետ չես կարող պահակ դնել ու ուղարկել, որովհետև դա կարող է ծնողը լինի, հարազատը լինի... աբսուրդ է», - ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմները: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասել է, որ դեպքի հանգամանքներն ուսումնասիրվում են:

Երևանի քաղաքապետարանի հաղորդման հիման վրա՝ գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---