Նախագահը ցավակցել է Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ 5 օգոստոսի 2019 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ճանաչված գիտնական, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Զորյան հաստատության՝ Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում մանավորապես ասված է.«Խոր վշտով տեղեկացա ճանաչված գիտնական, հայոց ցեղասպանության նշանավոր հետազոտող, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Զորյան հաստատության՝ Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն Տատրյանի մահվան մասին: Վահագն Տատրյանը ծնվել է Հայոց ցեղասպանությունից տասը տարի անց, Ստամբուլում: Եվ, թերևս, պատահական չէր, որ նա իր կյանքի մեծ մասը նվիրեց ցեղասպանությունների և հատկապես հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը՝ իր հեղինակած արժեքավոր մենագրություններով ու աշխատություններով մեծ ներդրում ունենալով հայոց ցեղասպանության միջազգայնացման և ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի գործում: Վահագն Տատրյանը գիտնական էր այդ բառի ամենալայն իմաստով. նա Բեռլինի համալսարանում ուսումնասիրել էր մաթեմատիկա, Վիեննայի համալսարանում՝ պատմություն, այնուհետև`միջազգային հարաբերություններ Ցյուրիխի համալսարանում, իսկ արդեն Չիկագոյի համալսարանում՝ սոցիոլոգիա: Մայրենի հայերենից բացի հրաշալի տիրապետելով ժամանակակից թուրքերենին և օսմաներենին, ինչպես նաև գերմաներենին, անգլերենին և ֆրանսերենին՝ Տատրյանը տարբեր երկրների արխիվների ուսումնասիրմամբ գիտական շրջանառության մեջ դրեց նոր փաստաթղթեր հայոց ցեղասպանության վերաբերյալ»: Նշվում է, որ ի թիվս այլ պարգևների՝ 2009թ. Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ունեցած ծանրակշիռ վաստակի համար նա արժանացել է Հանրապետության նախագահի մրցանակի: «Դոկտոր Տատրյանին ճանաչել եմ ոչ միայն որպես փայլուն գիտնականի, այլև միջազգային հարաբերությունների ոլորտի հրաշալի մասնագետի և մարդու, ում հետ շփվելը պատվաբեր էր և ուսանելի: Այդ հիշողությունները և նրա հիշատակը միշտ վառ կմնան նրան ճանաչողների և նրա վաստակը գնահատողների մեջ:Անկեղծ ցավակցություններս եմ հղում Տատրյանների ընտանիքին, նրանց հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»,-ասվում է ՀՀ նախագահի ուղերձում: Վահագն Տատրյանն ամերիկահայ ճանաչված գիտնական է, իրավագետ, պատմաբան, սոցիոլոգ, մաթեմատիկոս: Հիմնական աշխատությունները վերաբերում են հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը։ Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում: Միջազգային իրավունքի համատեքստում հայոց ցեղասպանության վերլուծությանն է նվիրված «Ցեղասպանությունը որպես ազգային և միջազգային իրավունքի հիմնահարց։ Հայկական հարցը Առաջին աշխարհամարտի տարիներին և նրա նկատմամբ ժամանակակից իրավական վերաբերմունքը» (անգլերեն, 1989) գործը Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում |