Սթրիտ արտ և սթրիտ բոլ. Երևանում կբացվի բասկետբոլի առաջին նկարազարդ խաղադաշտը

Սթրիտ արտ և սթրիտ բոլ. Երևանում կբացվի բասկետբոլի առաջին նկարազարդ խաղադաշտը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 8-ին Երևանի կենտրոնում՝ Կասկադի մերձակայքում, կբացվի ՀՀ առաջին նկարազարդ խաղադաշտը՝ Cascade Art Playground-ը:

Խաղադաշտը նախատեսված է լինելու ինչպես սթրիտ բոլի՝ բակային բասկետբոլի, այնպես էլ բակային ֆուտբոլի համար:

Այժմ ընթանում են խաղադաշտի նկարազարդման աշխատանքները, որոնք իրականացնում է Մոլդովայից հատուկ հրավիրված սթրիտ արտիստ Դմիտրի Պոտապովը: Նախագծի հեղինակն է Պետրոս Ծամերյանը, համահեղինակը՝ Գրիգոր Բաղդագուլյանը:

Ինչպես PanARMENIAN.Net -ի հետ զրույցում նշեց Պետրոսը, նման նախագծեր աշխարհում շատ քիչ կան:

«Ես ինքս բասկետբոլի մեծ սիրահար եմ, բայց Երևանում հասարակական դաշտ գտնելը մեծ խնդիր է. համեմատաբար բարեկարգ դաշտեր ունեն դպրոցներն ու համալսարանները, բայց դրանց մուտքն ազատ չէ, իսկ բակերի դաշտերի տեղերը ոչ բոլորը գիտեն, բացի այդ, մեծ մասն արդեն հարմար չէ բասկետբոլի համար, զամբյուղներն ու վահանակները պոկված են: Իսկ Կասկադի կողքի դաշտը բոլորին հայտնի է, այն երևում է փողոցից և հարմար է ոչ միայն հարակից բակերի բնակիչների համար, այլև քաղաքի այլ մասերում ապրող բասկոտբոլի սիրահարների: Մենք վերածում ենք այս խաղադաշտը բաց երկնքի տակ գտնվող կտավի՝ ավելի գրավիչ դարձնելով այն թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար», - նշեց նախագծի հեղինակը:

Նրա խոսքով՝ նկարազարդ խաղադաշտը կդառնա Հայաստանի տարածքում գտնվող ամենամեծ սթրիտ արտ նախագիծը:

«3 ամիս առաջ է հղացել միտքը, ընկերս՝ Գրիգորը, օգնել է այն մշակել և իրականացնել: Մենք դեռ Երևանի քաղաքապետարանի և Կենտրոնի թաղապետարանի հետ բանակցությունների մեջ էին, երբ NBA-ը հայտնի սթրիտ նկարչի հետ նմանատիպ նախագիծ իրականացրեց Նյու Յորքում: Ես հասկացա, որ մենք ճիշտ տենդեցի ենք հետևում: Հիմա սթրիտ արտը շատ պոպուլյար է, ալիքը Հայաստան նոր է հասնում, բայց վստահ եմ, որ Cascade Art Playground-ը կգրավի նաև սթրիտ արտը գնահատող զբոսաշրջիկների ուշադրությունը՝ դառնալով Երևանի բակային սպորտի և արվեստի այցեքարտերից մեկը: Բացի այդ, սթրիտ արտը նպաստում է քաղաքաշինությանը: Թաղապետարանն այժմ բարեկարգում է խաղադաշտի շուրջ տարածքը և կողքի մայթը, լույսեր և աղբամաններ կտեղադրվեն, տարածքն ամբողջությամբ կհարմարեցվի բակային սպորտաձևերի համար», - պատմեց Պետրոսը:

Նախագծի Ֆինանսավորումը ստանձնել է Awesome Foundation-ը: Cascade Art Playground-ի պաշտոնական բացումը տեղի կունենա օգոստոսի 8-ին՝ ժամը 18:00-ից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---