Դատավորներին վեթինգի ենթարկելու օրինագիծը հրապարակվել է

Դատավորներին վեթինգի ենթարկելու օրինագիծը հրապարակվել է

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել է դատավորներին վեթինգի ենթարկելու մասին օրենքի նախագիծը։

Նշվում է, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանությունը բացարձակ առաջնահերթություն է:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացվող նախագծերի փաթեթը կոչված է ապահովելու դատավորների բարեվարքության գնահատման համար արդյունավետ և համալիր իրավական հիմքեր հետևյալ ուղղություններով՝ գույքային դրություն (գույքի օրինականության ստուգում), արհեստավարժություն և հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, անկողմնակալություն (որոշակի կապերից, ազդեցություններից ազատ որոշման կայացում):

Դատավորների բարեվարքության գնահատման առաջարկվող կառուցակարգը որդեգրել է հետևյալ սկզբունքները՝

բարեվարքության գնահատումը չպետք է իրականացվի ժամանակավոր գործիքակազմի միջոցով և չպետք է կրի ժամանակավոր բնույթ: Փոխարենը, գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և դատավորները նախագծերի փաթեթի ընդունվելուց հետո մշտապես անցնելու են նման գնահատման միջով: Միևնույն ժամանակ, հարցը Բարձրագույն դատական խորհրդի կողմից քննության է ենթարկվելու միայն կասկածների առկայության պարագայում: Այլ խոսքերով՝ բոլոր դատավորների վերաբերյալ մեխանիկորեն վարույթներ չեն քննվելու Բարձրագույն դատական խորհրդում։

Դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար ստեղծվելու է ոչ թե նոր՝ մարմին, այլ այդ հարցի լուծման համար պատասխանատու է լինելու դատական համակարգի անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված մարմինը՝ Բարձրագույն դատական խորհուրդը:

Առաջադրված նպատակի իրագործման համար առաջարկվում են հետևյալ օրենսդրական փոփոխությունները՝

1) «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 29-րդ հոդվածի վերնագրից, 1-ին և 3-րդ մասերից, 30-րդ հոդվածի վերնագրից հանվում է պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված բառերը, այսինքն նախատեսել նվերների ավելի մեծ շրջանակի ընդունման արգելք:

2) Հայտարարագրերի վերլուծության գործընթացի արդյունավետության տեսանկյունից կարևորվում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի ընդլայնումը, միաժամանակ, առաջարկվում է նաև իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու պարտականություն նախատեսել պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց համար՝ սահմանելով նաև այդ պարտականությունը չկատարելու համար պատասխանատվություն:

Նշվում է, որ միջազգային փորձի ուսումասիրությունը ևս ցույց է տալիս, որ տարբեր երկրներում, օրինակ՝ Ալբանիա, Սլովենիա, եթե պաշտոնատար անձի կողմից տրամադրված տվյալների համեմատությունը նրա փաստացի իրավիճակի հետ հիմք է տալիս ենթադրելու, որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձը իր եկամուտները և ակտիվները փոխանցել է իր ընտանիքի անդամներին օրենքով նախատեսված պատասխանատվությունից խուսափելու համար, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է պահանջել ներկայացնել ընտանիքի անդամների եկամուտների և ակտիվների իրավիճակային հայտարարագիր:

3) Միևնույն ժամանակ, առաջարկվում է Հանձնաժողովին՝ բանկային, առևտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու և ստանալու հնարավորության տրամադրումը: Զուգահեռաբար, առաջարկվում է նաև փոփոխել Հանձնաժողովի կազմավորման կարգը: Ի լրումն, հաշվի առնելով Հանձնաժողովի դերը կոռուպցիայի կանխարգելման հարցում, ինչպես նաև Կառավարության ծրագրով ամրագրված՝ կոռուպցիայի կանխարգելման տարր կազմող նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է ընդլայնել Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների շրջանակը:

4) Հստակեցվում են դատավորի վարքագծի կանոնները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը: Այսպես, դատավորի վարքագծի կանոններից հանվել են այն կանոնները, որոնք բնույթով ոչ թե կարգապահական, այլ էթիկայի կանոններ են, որոնց համար դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը կամ արդարացված չէ կամ հնարավոր չէ՝ նորմի անորոշ, չափազանց լայն ձևակերպման պատճառով: Միջազգային մասնագիտացված մարմինները կոչ են անում էթիկայի կանոնները տարանջատել կարգապահական կանոններից, քանի որ առաջիններն ընդունվում են դատավորին ուղղորդելու նպատակով և պետք է հստակ տարանջատվեն կարգապահական խախտումների ցանկից, որոնք նախատեսվում են դատավորի նկատմամբ համապատասխան սանկցիա կիրառելու նպատակով։

Ավելացվել են այնպիսի վարքագծի կանոններ, որոնց խախտումը կասկածի տակ է դնում դատավորի անկախությունը, անկողմնակալությունը և անկաշառությունը, օրինակ՝ (1) ներկայացնել գույքի, եկամուտների և շահերի ամբողջական հայտարարագիր «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ, (2) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված կարգով հանձնաժողովին ներկայացնել գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ նյութեր, (3) ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում դրանք բացահայտել կողմերին, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հայտնել ինքնաբացարկ։ Բացի այդ, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով նախատեսվել է նաև դատավորների թեկնածուների հավակնորդների հայտարարագրման պարտականությունը:

Բոլոր կետերում ընդգծվել է, որ կարգապահական խախտումը պատասխանատվության հիմք կարող է լինել միայն այն դեպքում, երբ կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ. հանվել է շփոթությունների տեղիք տվող՝ կոպիտ կարգապահական խախտման ինստիտուտը, էական կարգապահական խախտման մասով՝ ա) նյութական և դատավարական իրավունքի նորմի խախտման կետում ընդգծվել է, որ նման խախտումն էական է, եթե հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու հիմնարար իրավունքների խախտման կամ հեղինակազրկում է դատական իշխանությունը:

Նման մոտեցում ամրագրվել է այն նպատակով, որպեսզի մի կողմից դատավորը պատասխանատվության չենթարկվի պարզապես փաստերի և ապացույցների իր գնահատման համար, մյուս կողմից՝ գնահատման ենթարկվի դատավորի վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ՝ որպես բարեվարքության կարևոր ցուցանիշ: Նույն տրամաբանությամբ, կարգապահական վարույթ հարուցելու առիթների (ոչ հիմքերի) ցանկում ավելացվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը, որի վերաբերյալ վերջնական որոշում, կրկին, կայացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը։

Տրվել է վարքագծի կանոնների հստակ ցանկ, որոնց (մեկանգամյա) խախտումը, պայմանավորված խախտման հանգամանքներով և (կամ) հետևանքներով համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ կամ (պարբերական) հեղինակազրկում է դատական իշխանությունը: Այս իմաստով, նախագիծը պարունակում է գնահատողական եզրույթ, որը, առկա իրավակարգավորման պարագայում, անհրաժեշտ է համաչափության գնահատման համար: Բանն այն է, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասի ուժով էական կարգապահական խախտումը լիազորությունների դադարեցման անվերապահ հիմք է, ուստի, ծայրահեղական դրսևորումներից խուսափելու համար, Բարձրագույն դատական Խորհրդին արարքի և դրա համար պատասխանատվության միջոցի միջև համաչափության և արդարացիության ապահովման անհրաժեշտ գործիք է տրվում:

Ընդլայնվել են կարգապահական տույժերի տեսակները

Մասնավորապես, գործող օրենսգրքով ամրագրված՝ միայն ամենամեղմ և ամենախիստ կարգապահական տույժի տեսակներին ավելացել են միջին խստության տույժեր՝ պատասխանատվության պատշաճ և համաչափ գործիքներ ներդնելու նպատակով: Նոր տույժի տեսակներն են՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելքը և դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատումը:

Կատարելագործվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը

Այսպես, ա) կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերում խնդիրներ հայտնաբերելու դեպքում: Հանձնաժողովին օրենքով վերապահված գործառութային առանձնահատկությունները վերջինիս հնարավարություն են տալիս արդյունավետ և ամբողջական տեղեկատվություն ստանալ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի գույքային ու ֆինանսական դրության վերաբերյալ և խախտումներ կամ կոռուպցիոն ռիսկեր հայտնաբերելու դեպքում կարգապահական վարույթ հարուցել և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմել Բարձրագույն դատական խորհրդին,

բ) 5 տարի ժամկետով և միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը նախատեսվում է փոխարինել 2 տարի ժամկետով ընտրվող Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի անդամները, բացի դատավորներից, ընդգրկում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնց կանոնադրական նպատակներից է մարդու իրավունքների պաշտպանությանը կամ դատական համակարգի հանրային հաշվետվողականության բարձրացմանն ուղղված գործունեությունը և որոնք վերջին հինգ տարիներին իրականացնում են նման գործունեություն.

գ) Բարձրագույն դատական խորհրդին լրացուցիչ գործիքներ են տրվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն արդյունավետ քննելու համար: Մասնավորապես, ըստ նախագծի խորհուրդը կարող է սեփական նախաձեռնությամբ հրավիրել վկաներ, նշանակել փորձաքննություն և պահանջել ապացույցներ՝ մի բան, որ գործող կարգավորման պայմաններում կարող է անել միայն դատավորի միջնորդությամբ.

դ) դատավորին տրվել է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու կառուցակարգ, որն արդյունավետ դարձնելուն, սակայն, առկա են սահմանադրական խոչընդոտներ:

Մասնավորապես, բողոքարկման կառուցակարգ մշակելիս քննարկման առարկա են դարձել հետևյալ տարբերակները՝

ա) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկումը վերապահել Բարձրագույն դատական խորհրդի երեք անդամից բաղկացած կազմին, իսկ բողոքարկումը՝ յոթ անդամից բաղկացած կազմին, որը չէր ներառի առաջին անգամ հարցը քննած երեք անդամին: Այս տարբերակի հետ կապված մտավախությունն այն էր, որ սահմանադրությունը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհրդին վերապահելով, ի նկատի ունի խորհրդի կազմն ամբողջությամբ, և երեք կամ յոթ անդամի կազմով հարցի քննությունը կարող է հանգեցնել ընտրված մոդելի հակասահմանադրականության,

բ) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման դեմ բերված բողոքի քննությունը վերապահել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատին: Այս տարբերակը ևս ունի սահմանադրական խոչընդոտ, քանի որ սահմանադրությունը վճռաբեկ դատարանի համար նախատեսել է իրավասության խիստ սահմանափակ շրջանակ՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը և մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումների վերացումը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման դեմ բողոք քննելը ոչ միշտ է տեղավորվում վերոգրյալ լիազորությունների շրջանակում,

գ) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման դեմ բերված բողոքի քննությունը վերապահել վարչական կամ վարչական վերաքննիչ դատարաններին: Այս պարագայում կխախտվեր մատնանշված դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանների անկախության երաշխավորի միջև դերերի բաշխման և աստիճանակարգության անհրաժեշտ և ողջամիտ հավասարակշռությունը: Հաշվի առնելով վերը նկարագրված խոչընդոտները՝ նախատեսվել է բողոքարկման հետևյալ մոդելը. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման դեմ բերված բողոքի քննությունը ևս իրականացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը, եթե ի հայտ է եկել այնպիսի էական ապացույց կամ հանգամանք, որը դատավորը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով և որը ողջամտորեն կարող է ազդել որոշման վրա: Ներկայացված մոդելն ակնհայտորեն ամենաարդյունավետը չէ, սակայն ավելի արդյունավետ և ողջամիտ կարգավորում հնարավոր կլինի սահմանել միայն սահմանադրական փոփոխություններից հետո:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում ևս կատարվել են համարժեք փոփոխություններ

Մասնավորապես, օրենքը համապատասխանեցվել է Օրենսգրքին՝ վարքագծի կանոնների վերաբերելի մասով, այդ թվում՝ հայտարարագրերի պատշաճ կերպով ներկայացնելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր տրամադրելու մասով: Բացի այդ, Սահմանադրական դատարանի դատավորին նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի ցանկում ավելացվել է էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցումը, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին լիազորել է Սահմանադրական դատարան Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմում ներկայացնել:

Նշվում է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները նշանավորեցին նոր Սահմանադրական դատարան ունենալու՝ սահմանադրի տեսլականը: Մասնավորապես, սահմանադրությունը նախատեսում է Սահմանադրական դատարանի կազմավորման լիովին նոր կարգ, այն է՝ Սահմանադրական դատարանի ինը դատավորին պետք է ընտրի Ազգային Ժողովը՝ երեքին Հանրապետության նախագահի, երեքին՝ Կառավարության, երեքին՝ դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Սակայն, սահմանադրության ընդունման պահին Սահմանադրական դատարանն արդեն հիմնականում կազմավորված էր: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ սահմանադրի կամքը՝ Սահմանադրական դատարանի կազմավորման մասով դեռևս լիարժեքորեն կյանքի չի կոչվել:

«Իսկ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական փոփոխություններ տեղի են ունենում մոտավորապես տասը տարին մեկ, իսկ 2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի հեղափոխությամբ պայմանավորված՝ առաջիկայում հնարավոր են նոր սահմանադրական բարեփոխումներ, ամենայն հավանականությամբ սահմանադրի կամքն (սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասը) այդպես էլ չի իրագործվի: Ասվածը հաշվի առնելով և առաջնորդվելով Սահմանադրական դատարանի կազմավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի իրագործման համար օրենսդրական հիմքեր ստեղծելու նպատակով՝ առաջարկվող փաթեթով Սահմանադրական դատարանի դատավորներին հնարավորություն է տրվում անկախ տարիքից հրաժարական ներկայացնելու դեպքում մինչև պաշտոնավարման տարիքը լրանալն օգտվել հրաժարականի պահին իրենց ունեցած աշխատավարձից և այլ սոցիալական երաշխիքներից, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո դատավորի համար օրենքով նախատեսված կենսաթոշակից», - ասվում է նախագծում:

Դատավորների թեկնածուների տարիքային շեմի իջեցումը քսանութից քսանհինգ

Այս փոփոխությունը թույլ կտա դատական համակարգ ներգրավել երիտասարդ, կասկածելի կամ վարկաբեկող կապեր չունեցող, համակարգի այլ ներկայացուցիչների հետ կախվածության կամ կապվածության մեջ չգտնվող անձանց: Նման բարեփոխում է կատարվել օրինակ Էստոնիայում, որտեղ դատավոր դառնալու նվազագույն տարիքային շեմ նախատեսված չէ, փոխարենը նախատեսված են կրթական ցենզի և համապատասխան մասնագիտական և անձնային որակների վերաբերյալ պահանջներ:

Նշվում է, որ այս բարեփոխումը դրական արդյունքներ է արձանագրել՝ բարեփոխումների այլ բաղադրիչների հետ մեկտեղ Էստոնիայի դատական համակարգը դարձնելով Եվրոպայում ամենաարդյունավետներից և անկախներից մեկը: Դատավորների համար ցածր տարիքային շեմ է նախատեսված նաև այլ երկրներում: Մասնավորապես, Նորվեգիայում շրջանային և վերաքննիչ դատարանների դատավորների նվազագույն տարիքը 25-ն է: Միևնույն տարիքն է սահմանված նաև Թայլանդում, Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ՏՀԶԿ առաջարկություններին համապատասխան ՀՀ քրեական օրենսգրքի հավելվածով սահմանել կոռուպցիոն հանցագործությունների սպառիչ ցանկը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ ՌԴ-ն ՀՀ-ին դիտարկում է որպես դաշնակից և հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանիհեռախոսազանգերի արգելքի մասին հարցը հատուկ քննչական ծառայությունում չեն մեկնաբանում:
Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու համար