«Փյունիկը» «Արարատին» է նվիրել 2008-ի չեմպիոնի գավաթի կրկնօրինակը

«Փյունիկը» «Արարատին» է նվիրել 2008-ի  չեմպիոնի գավաթի կրկնօրինակը

PanARMENIAN.Net - «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը «Արարատ» ակումբի սեփականատեր Վարդան Սրմաքեշի և ակումբի նախագահի Հրաչ Կապրելիանի հետ հանդիպման ժամանակ հանձնել է նրանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2008-ի գավաթի կրկնօրինակը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2008-ի մրցաշրջանը մեծ աղմուկ էր բարձրացրել: Շատերի կարծիքով հակասական մրցավարությունը թույլ չտվեց բացահայտել չեմպիոնին արդար խաղի կանոնների համաձայն: 11 տարի անց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը այս սիմվոլիկ քայլով ցանկացավ ինչ-որ չափով վերականգնել արդարությունը. քանի որ «Արարատը» ոչ պակաս, քան «Փյունիկը», արժանի էր չեմպիոնությանը:

«Ես վաղուց էի ցանկանում հանդիպել ձեզ հետ և ուրախ եմ, որ հաջողվեց հանդիպել Երևանում: Ցանկանում եմ «Փյունիկ» ՖԱ-ի անունից, որը հիմա պատկանում է մեզ և մենք նոր պատմություն ենք սկսում, մի միջոցառում անցկացնել: Շատ ուրախ եմ, որ եկել եք: Մենք բոլորս հիշում ենք 2008 թվականը: Ես նույնպես հայկական ֆուտբոլի, հատկապես «Արարատի» մեծ երկրպագու եմ: Մենք հիշում ենք, որ 2008-ին ցավոք չեմպիոնը որոշվեց ոչ թե խաղադաշտում, այլ անդրկուլիսյան ինտրիգների արդյունքում», - ասել է Սողոմոնյանը:

Նա նշել է, որ հասկանալի է՝ հիմա չեն կարող շտկել կատարվածը։

«Բայց մեր կողմից ցանկանում ենք անել այս քայլը, որպեսզի ցույց տանք, որ մենք արդար խաղի ջատագովներ ենք: Ես հուսով եմ, որ նման բաներ ապագայում չեն լինի և հայկական ֆուտբոլն իրոք կդառնա այնպիսի մարզական միջոցառում, որտեղ բոլոր հարցերը կլուծվեն խաղադաշտում: Մեր կողմից ցանկանում եմ շնորհել ձեզ այս գավաթը: 2008թ. գավաթի կրկնօրինակը: Մեզ հաջողվեց գտնել գավաթը պատրաստողներին: Ես ձեզ եմ այն տալիս և հուսով եմ, որ «Արարատը» կծաղկի և մենք կհանդիպենք խաղադաշտում և կլինեն հետաքրքիր խաղեր» - նշել է Սողոմոնյանը:

«Սա արդարության ժեստ է և արդարությունը պետք է իշխի նաև առաջնությունում: Շատ զգացված եմ: Սա արդարության գավաթն է», - նշել է «Արարատ» ՖԱ-ի սեփականատեր Վարդան Սրմաքեշը:

«Տեղի ունեցածը շատ կարևոր է հայ ազգի համար, որովհետև հայ ազգը միշտ ապրել է անարդարության մեջ» - հավելել է «Արարատ» ՖԱ-ի նախագահ Հրաչ Կապրիելյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---