Մարալիկում $13 մլն ներդրումով բամբակամանվածքային գործարան է բացվել

Մարալիկում $13 մլն ներդրումով  բամբակամանվածքային գործարան է բացվել

PanARMENIAN.Net - Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում վերագործարկվել է բամբակամանվածքային գործարանը։ $13 մլն արժողությամբ ներդրումային ծրագիրն իրականացնում է «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն։

Դրա կողմից մինչև օրս իրականացվել է $4 մլն ներդրում։ Նախատեսվում է առաջիկա 1 տարում ավարտին հասցնել նաև ՀՀ կառավարության կողմից արտոնություն ստացած ներդրումային ծրագիրը։

Առաջին փուլով նախատեսվում է ունենալ մինչև 120 աշխատակից, ներկայում ընկերությունն ունի 41 վերապատրաստված աշխատակից, առկա են թափուր աշխատատեղեր։ Առաջին փուլով ամսական թողարկվելու է 380 տոննա թել, որը կիրառվում է տեքստիլ արտադրության մեջ։ Սպառման հիմնական շուկաներն են Հայաստանը և Ռուսաստանը։

Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ վարչապետ Փաշինյանը․ նա շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական գործընթացին և հզորություններին, աշխատանքային պայմաններին և հնարավորություններին։

Վարչապետին արտադրական գործընթացը ներկայացնելու ընթացքում գործարանի ղեկավարներ Գևորգ Գասպարյանը և Վարդան Սրմաքեշը նշել են, որ Մարալիկի բամբակամանվածքային գործարանն արտադրելու է բամբակյա, կիսաբամբակյա թելեր, գործելու է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ՝ նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ։ Արդեն այսօր գործարանի արտադրանքն օգտագործվում է բամբակյա պարանների, բրեզենտների, ձեռնոցների, գուլպաների և սրբիչների արտադրության մեջ։

Նախատեսվում է գործարկել նաև բժշկական բամբակյա իրերի արտադրություն։

2018-ին ՀՀ կառավարությունը որոշել է արտոնություն տրամադրել նշված ընկերությանը՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու նպատակով։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բամբակի, թելի, կտորի թափվածքների արտադրության և վերամշակման մեջ։

 Ուշագրավ
Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերի թերակատարմանը՝ նշելով, որ դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով
Ուդումյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի