// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՔԿ. Մինչ մարտական դիրքը թողնելն Ադրբեջանում հայտնված զինվորը մարմնական վնասվածքներ չի ունեցել

ՔԿ. Մինչ մարտական դիրքը թողնելն Ադրբեջանում հայտնված զինվորը մարմնական վնասվածքներ չի ունեցել

PanARMENIAN.Net - ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 12.08.2019թ.-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Ա.Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը՝ գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում Ա.Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ինչ վերաբերում է նրա ձախ ձեռքի ցուցամատի վրա առկա վնասվածքին, ապա ՔԿ-ի հաղորդմամբ՝ այս տարվա հուլիսի 24-ին Ա.Ղազարյանը զորամասից ուղեգրվել է Մարտունու զինհոսպիտալ, որտեղ տեղային անզգայացումով կատարվել է ձախ ձեռքի 2-րդ մատի կոշտուկի հեռացում, ինչի մասին արձանագրված է զինհոսպիտալի ամբուլատոր հիվանդների հաշվառման մատյանի մեջ, ինչպես նաև, այդ մասին գրառում է կատարվել Ա.Ղազարյանի բուժգրքույկում:

Վերոգրյալի մասին Ա.Ղազարյանը տեղեկացրել է նաև եղբորը` Արմեն Ղազարյանին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության ՊՆ-ն հայտնեց, որ ժամը 12:00-ի սահմաններում ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից դեռևս չպարզված հանգամանքերում մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը։ Արցախի ՊՆ-ն հայտարարությամբ հանդես եկավ նաեւ երեկ՝ օգոստոսի 13-ին՝ հորդորելով հավատ չընծայել ադրբեջանական լրատվամիջոցների այն պնդումներին, թե զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեպքի մանրամասները ճշտելու համար հետաքննություն է տարվում, բայց իր ներքին համոզմամբ՝ զինծառայողը մոլորվել է։

 Ուշագրավ