Խտրականության դեմ պայքարող կոալիցիա. Անվավեր ճանաչել «Երեխաների քաղաքին» տարածք նվիրաբերելու որոշումը

Խտրականության դեմ պայքարող կոալիցիա. Անվավեր ճանաչել «Երեխաների քաղաքին» տարածք նվիրաբերելու որոշումը

PanARMENIAN.Net - «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան կոչ է անում «Երեխաների քաղաք» ծրագրի իրականացման նպատակով հողատարածք նվիրաբերելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչել:

Հայտարարության մեջ նշվում է, որ 2019թ․ օգոստոսի 8-ին ՀՀ կառավարությունը չզեկուցվող փաթեթով ընդունել է որոշում, որը ակնհայտ հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ կողմից վավերացված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիաներին, ՀՀ կառավարության 2019 թ. փետրվարի 8-ին հաստատած ծրագրին և ՀՀ կառավարության կողմից այժմ իրականացվող մի շարք այլ ծրագրերին։

Նշված որոշման համաձայն՝ Շահումյան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության 14.913 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը և Տափերական համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 10.2 հա մակերեսով վարելահողը սեփականության իրավունքով տրամադրվում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը «Երեխաների քաղաք» բարեգործական ծրագրի իրականացման նպատակով։

Թեև ծրագիրը կցված չէ, սակայն հակիրճ նկարագրությունից հետևում է, որ այն վերաբերվելու է մոտ 600 երեխայի կրթության և բնակության պայմանների կազմակերպմանը։

«Մինչ հողամասերը նվիրաբերելու մասին որոշում կայացնելը, ինչը փաստացի նաև նշանակում է հավանության արժանացնել, աջակից դառնալ և մասնակցել նշված ծրագրի իրականացմանը՝ Կառավարությունն առնվազն պետք է քննարկեր և ուսումնասիրեր նշված ծրագիրը։ Որոշման հիմնավորումից պարզ չէ, թե արդյոք այն ենթարկվել է սոցիալական ազդեցության գնահատման։ Ի՞նչ դիրքորոշում են հայտնել մասնավորապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (որպես Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի պատասխանատու մարմին), ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (որպես Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի պատասխանատու մարմին), ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը «Հայկական Կարիտաս» կազմակերպության նշված ծրագրին հողատարածքի նվիրաբերման միջոցով աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ Որոշման նախագծի փաթեթից նույնիսկ պարզ չէ, թե ՀՀ կառավարությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները ծանոթացել են ծրագրին, թե ոչ։

Ըստ նախագծի հիմնավորման՝ ծրագրի ակնկալվող արդյունքն է՝ կրթության և ինքնազարգացման սահմանափակ հնարավորությունների պայմաններում ապրող, հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության, դաստիարակության և սոցիալական այլ խնդիրների լուծման և աջակցելու նպատակով «Երեխաների քաղաք» կառուցելը։ Ընդ որում, նշված հիմնավորմամբ չի մատնանշվել որևէ իրավական ակտ կամ քաղաքականության փաստաթուղթ, ըստ որի նշված ծրագիրը այդ բովանդակությամբ կարող է նպաստել Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանվածությանը»,-ասվում է կոալիցիայի հայտարարության մեջ: Նշվում է, որ որոշմամբ փաստացի ոչ միայն տարածք է տրամադրվում, այլ Կառավարությունը աջակցում, հավանություն է տալիս և մասնակից է դառնում հաշմանդամություն ունեցող և սոցիալական դժվարին վիճակում հայտնված երեխաների համար առանձնացված՝ ոչ ներառական ծառայությունների ստեղծմանը։

«Միևնույն ժամանակ Կառավարության կողմից ևս մշակվել ու իրականացվում են մի շարք ծրագրեր՝ ուղղված խնամքի կամ այլ հաստատություններում բնակվող երեխաների ընտանիք վերադառնալու և ընտանիքին մոտ պայմաններում եւ համայնքում մեծանալու հնարավորությանը, իսկ այս որոշմամբ նշված բոլոր քայլերը կարող են ի չիք դառնալ։Առանձին համայնքում հաշմանդամություն ունեցող և սոցիալական դժվարին վիճակում հայտնված երեխաների բնակեցումը, նույնիսկ իրենց ընտանիքների հետ հանգեցնելու է նրանց սեգրեգացմանը, ինչը ավելի է խորացնելու խարանը, կարծրատիպերը և խտրականությունը նրանց նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ:

Ոսւտի «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան կոչ է անում՝

- Անվավեր ճանաչել ընդունված որոշումը

-Ուսումնասիրել և փորձաքննության ենթարկել «Հայկական Կարիտաս» կազմակերպության կողմից մշակված «Երեխաների քաղաք» ամբողջական ծրագիրը՝ Հայաստանի կողմից ստանձնած երեխայի իրավունքների պաշտպանության միջազգային չափորոշիչների և այժմ Հայաստանում փաստացի կարիքի լույսի ներքո

-Հրապարակել կազմակերպության ներկայացրած ծրագրային առաջարկը և անցկացնել հանրային լայն քննարկումներ։

«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան միավորել է այն կազմակերպություններին և անհատներին, որոնց նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը, հավասարության և անձի արժանապատվության հանդեպ հարգալից վերաբերմունքի տարածմանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---