Բադասյան. Ընտանիքի կազմի փոփոխության որևէ դրույթ Ստամբուլյան կոնվենցիայում չկա

Բադասյան. Ընտանիքի կազմի փոփոխության որևէ դրույթ Ստամբուլյան կոնվենցիայում չկա

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով, որպեսզի մեկնաբանություն ստանա Ստամբուլյան կոնվենցիայի որոշ վիճահարույց դրույթների շուրջ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Վերջինս ընդգծել է, որ ընտանիքի կազմի փոփոխության վերաբերյալ որևէ դրույթ կոնվենցիայում չկա, հայտնում է Aysor.am-ը:

«Բացարձակ աբսուրդ է, որ ընտանիքի կազմը կարող է փոխվել, եթե ձեզ հետաքրքիր է, նայեք Վրաստանի Սահմանադրությունը, թե Վրաստանը երբ է ստորագրել և երբ է վավերացրել և դրանից հետո որոշակի փոփոխություն կա՞: Այնտեղ էլ ընտանիքը տղամարդու և կնոջ միությունն է, այնտեղ էլ է կոնվենցիայի վավերացումից հետո այդպես մնացել», - ասել է նախարարը:

Դիտարկմանն՝ արդյոք կոնվենցիայի ընդունումից հետո պետությունը կսկսի՞ ճանաչել միասեռականների ամուսնությունները՝ նախարարն ասել է. «Պետությունը չի ճանաչի նման իրավունք, որովհետև այս կոնվենցիայով չի փոխվում որևէ բան, որպեսզի պետությունը ճանաչի նման ամուսնություն, իսկ իրենք համատեղ կապրեն, թե չեն ապրի՝ իրենց գործն է»:

Անդրադառնալով հարցին, թե Մայր աթոռը դեմ է արտահայտվել կոնվենցիային՝ նախարարը նշել է, որ պատրաստ են դրույթ առ դրույթ բոլոր մտահոգությունները քննարկել առաքելական եկեղեցու հետ:

Նախարարն ասել է նաև, որ Ստամբուլյան կոնվենցիան, ամենայն հավանականությամբ, ԱԺ կհասնի 2020-ին:

Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարությունը հորդորել էր ՀՀ քաղաքացիներին չտրվել մանիպուլյացիաների, ժամանակ գտնել ու կարդալ Կոնվենցիան: ՀԱԵ-ն հորդորել է իշխանությանը չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:Կոնվենցիայի վավերացմանը դեմ է արտահայտվել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ին: Հայաստանի կողմից այն ստորագրվել է 2018թ. հունվարի 18-ին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---