Փաշինյան. Ինչպես Ադրբեջանն է դուրս եկել ԽՍՀՄ-ից, այնպես էլ ԼՂԻՄ-ը՝ Սովետական Ադրբեջանի կազմից

Փաշինյան. Ինչպես Ադրբեջանն է դուրս եկել ԽՍՀՄ-ից, այնպես էլ ԼՂԻՄ-ը՝ Սովետական Ադրբեջանի կազմից

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման, պատճառների, համատեքստի վերաբերյալ բազային տեղեկատվության անընդհատ թարմացումը չափազանց կարևոր է: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովում:

Նա հավելել է, որ հանդիպում է մի իրավիճակի, երբ բոլորը մոռանում են, որ ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի բանակցություններում բանակցող երեք կողմ է եղել, և դա, ըստ էության, միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափն է, որ ինչպես Ադրբեջանն է դուրս եկել Խորհրդային Միության կազմից, ու դա հիմա ոչ ոք տարօրինակ չի համարում, նույնպես և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն է դուրս եկել Սովետական Ադրբեջանի կազմից:

«Ուզում եմ շատ հստակ արձանագրել, որ չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը և ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը: Նախորդ տարի Արտաքին գործերի նախարարությունում առիթ ունեցել եմ ասելու, և հիմա էլ հարկ եմ համարում կրկնել, որ ոչ միայն միջազգային ասպարեզում, այլև նույնիսկ ինքներս մեզ համար երբեմն կորցնում ենք Ղարաբաղի հակամարտության ծագման, պատճառների, իրավաքաղաքական նրբերանգների տրամաբանական շարադրանքի թելը: Եվ այս երևույթը հաճախ զգալի է միջազգային տարբեր հարթակներում Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներ ունենալիս, ընդհուպ երբեմն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններ վարելիս:

Այս իմաստով չափազանց կարևոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման, պատճառների, համատեքստի վերաբերյալ բազային տեղեկատվությունն անընդհատ թարմացնելը, այսպես ասած, ափդեյթի ենթարկելը, որովհետև հաճախ առաջնորդվելով կանխավարկածով, թե միջազգային հանրությունը բավարար չափով տեղեկացված է Ղարաբաղի խնդրի մասին, մենք հաշվի չենք առնում, որ հակամարտության 30 տարիների ընթացքում պաշտոնյաները, նույնիսկ ինստիտուտներն անընդհատ փոխվել են ու փոխվում են, և այդ փոփոխությունների հետ ակնհայտ թվացող ճշմարտությունները հաճախ մոռացվում են, կորսվում և, որ ավելի վատ է, նենգափոխվում: Եվ մենք պետք է առանձնակի ուշադրություն դարձնենք այդ խնդրին և հետևողական գտնվենք հակամարտության նրբերանգները ներկայացնելիս և հանրահռչակելիս:

Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո զարմանքով արձանագրեցի, թե միջազգային շրջանակներում որքան խորն է նստած, օրինակ, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ընդհուպ Մերձդնեստրի և Ղարաբաղի հակամարտությունները նույնական ընկալելու բանաձևը: Սա մեզ համար իսկապես լուրջ խնդիր է՝ թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային առումով:Եվ չափազանց կարևոր է այդ խնդիրների հսկայական տարբերությունն ի ցույց դնել, ինչի արդյունավետության մեջ ինքս համոզվել եմ մի քանի կոնկրետ դեպքերում»,-ասել է նա:

Վարչապետը նշել է, որ երբ հստակ արձանագրում ենք, որ, ասենք, Հարավային Օսիայի, Աբխազիայի բնակիչները նույնիսկ այսօր կարող են հանգիստ այցելել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի և այնտեղի շուկայում վաճառել իրենց արտադրած գյուղմթերքը, գնել իրենց անհրաժեշտ ապրանքները և ետ վերադառնալ Աբխազիա կամ Հարավային Օսիա, իսկ Ռուսաստանի քաղաքացուն Բաքվի օդանավակայանից ետ են ուղարկում՝ միայն այն պատճառով, որ նա հայկական ազգանուն ունի, երբեմն սա ավելի ամբողջական պատկերացում է տալիս Ղարաբաղի հարցի էության մասին, քան նույնիսկ մի քանի ժամանոց դասախոսությունները:

«Այս պարզ օրինակը ցույց է տալիս, թե ինչու և ինչպես է ձևավորվել ստատուս քվոն Ղարաբաղում, ես նկատի ունեմ Բաքվի օդանավակայանի դեպքի նկարագրությունը: Ցույց է տալիս նաև, թե ինչը կարող էր լինել այդ ստատուս քվոյի այլընտրանքը: Սա ընդամենը մի օրինակ է, նույնպիսի օրինակներ կարելի է բերել նաև այն մասին, թե ինչպես բոլորը մոռացան, որ ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի բանակցություններում բանակցող երեք կողմ է եղել, և դա, ըստ էության, միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափն է, որ ինչպես Ադրբեջանն է դուրս եկել Խորհրդային Միության կազմից, ու դա հիմա ոչ ոք տարօրինակ չի համարում, նույնպես և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն է դուրս եկել Սովետական Ադրբեջանի կազմից, ու դա նույնպես տարօրինակ չպետք է համարվի, որ եթե Ադրբեջանի նախագահը անզիջում, ագրեսիվ հայտարարություններ է անում, ոչ մի տարօրինակ բան չի լինի նրանում, եթե նույնպիսի հայտարարություններ հնչեն նաև Հայաստանից, և այլն, և այսպես շարունակ:

Հարգելի ներկաներ,ամփոփելով իմ խոսքի հրապարակային մասը՝ ուզում եմ նաև մեկ-երկու ընդհանրական շեշտադրում անել:2018 թվականի հեղափոխության ընթացքում և դրանից հետո բազմիցս եմ հայտարարել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում շրջադարձեր, ռեվերսներ տեղի չեն ունենալու, և շրջադարձեր իրոք տեղի չեն ունեցել և արտաքին քաղաքական ասպարեզում մենք աշխարհաքաղաքական առումով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով, ընդհուպ Ղարաբաղի հարցի բացառապես խաղաղ կարգավորման առումով ապահովել ենք և ապահովում ենք ժառանգականություն:

Բայց սա չի նշանակում, թե Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: Իրականում՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շատ բան է փոխվել, և այդ փոփոխություններից առանցքայինը ավանդական խուսանավումների քաղաքականությունը փոխարինելն է սեփական հստակ դիրքորոշում ունենալու և այդ դիրքորոշումը հետևողականորեն պաշտպանելու քաղաքականությամբ:Սա, իհարկե, չի նշանակում, թե մեր կառավարությունը հրաժարվել է խուսանավելու, ճկուն լինելու գործիքակազմից: Քավ լիցի, դա անհնար է և ոչ խելամիտ:Բայց խուսանավել, առանց հստակ և սեփական երկրի ազգային շահերին համապատասխան դիրքորոշում ունենալու, նշանակում է Հայաստանը դնել հեղեղի մեջ ընկած տաշեղի կարգավիճակում, իսկ խուսանավել հստակ, հասկանալի և սեփական երկրի ռազմավարական շահերից բխող դիրքորոշումներ ունենալով՝ նշանակում է այդ հեղեղի մեջ լինել առնվազն նավակի կարգավիճակում և հնարավորություն ունենալ կառավարել սեփական ընթացքը և ինչ-որ առումով՝ նաև հեղեղը: Սա, իհարկե, հեշտ և պարզ ճանապարհ չէ, բայց սա մի ճանապարհ է, որով մենք պետք է գնանք, և որը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից: Հենց սա է մեր արտաքին քաղաքականության առանցքային խնդիրը, որը մենք միասին պարտավոր ենք լուծել ու կլուծենք»,-ասել է Փաշինյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև դիվանագիտական համակարգի գործունեությանը, Սփյուռքի հետ համագործակցությանը, արտաքին մարտահրավերներին արդյունավետ դիմագրավելու, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, հայկական ներուժի քարտեզագրմանը և ձևավորմանը, արտաքին քաղաքականության մեջ տնտեսական կոմպոնենտի ակտիվացմանը, Հայաստանում տնտեսական հնարավորությունների տարածմանը, ներկայացմանը և այլ թեմաների:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---