«Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհը կասկածներ է առաջացրել տուժած գործարարների մոտ

«Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհը կասկածներ է առաջացրել տուժած գործարարների մոտ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ին «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհը կասկածներ է առաջացրել հրդեհից տուժած գործարարների մոտ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության տնօրեն Արմեն Անդրեասյանը, որի ընկերությունը սառնարաններում ունեցել է ներկրված սառեցված թռչնամիս, տավարի ու խոզի միս:

Գործարարները սպասում են ԱԻՆ-ի եզրակացությանը: «99 տոկոսով համոզված եմ, որ հրկիզում է եղել։ Հանդիպել ենք ընկերության ներկայացուցիչներին, քննարկել ենք խնդիրները, հիմա սպասում ենք կառավարության քայլերին»,-ասել է բանախոսը, հայտնում է Panorama.am-ը։

«Պահապանությունը «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պարտավորությունն է, ինքը պետք է իրականացներ ապահովագրություն։ Սակայն չի եղել։ Մենք վճարել ենք 9 մլն դրամ, բա ինչի՞ համար ենք վճարել։ Վճարել ենք, որպեսզի ապրանքը, ոնց տվել ենք իրենց, այնպես էլ ստանանք։ Բայց այսօր այդ ընկերության շենքը գրավադրված է բանկում պարտքի դիմաց, ընկերությունը գնում է սնանկացման։ Դա սկսկել է մի քանի ամիս առաջ, սակայն որևէ մեկը մեզ այդ մասին տեղյակ չի պահել»,-ասել է Անդրեասյանը։

Ընկերության տնօրենի խոսքով, հրդեհի հետևանքով տուժած 12 գործարարներ դիմել են վարչապետին՝ խնդրելով վերադարձնել այրված ու չիրացված ապրանքի համար վճարված ԱԱՀ-ն ու մաքսատուրքը։ Տուժած գործարարների մեծ մասը բանկերում վարկային պարտավորություններ ունի, այս պահին չգիտեն, թե ինչպես կկարողանան կատարել վճարումները։ Հույս ունեն՝ կառավարությունը կօգնի՝ որոշ ժամանակ տոկոսները կսառեցվեն։

«Մոտ 900 տոննա սառեցված միս է պահպանվում այդ սառնարաններում, որից ամենաշատը մեր մսամթերքն է եղել։ Այդ սառանարանում ընդհանուր առմամբ մոտավորապես եղել է 30 մլն դոլարի ապրանք։ Ամսական մոտ 9 մլն դրամ ենք փոխանցել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ին մատուցած ծառայության համար։ Հրդեհից հետո կարողացել են 302-303 տոննա սառեցված միս փրկել, մնացած մասը ծխեցված է, այրված, հետագա օգտագործման համար անպիտան»,-ասել է գործարարը:

«Թռչնի մսի համար մաքսատուրքը 26.6 տոկոս է, իսկ ԱԱՀ-ն՝ 20 տոկոս, այսինքն՝ ընդհանուր առմամաբ 46.6 տոկոս։ Հիմա կառավարությունը պետք է գոնե աջակից լինեն գործարարներին, վերադարձնեն այդ գումարը։ Միայն մեր ընկերության մասով, խոսքը մոտավորապես 700-800 հազար դոլարի մասին է»,-ասել է ընկերության տնօրենը։

Նրա խոսքով, մսամթերքն ապահովագրված չի եղել, քանի որ ամեն օր ծավալները փոփոխվում են։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---