// IP Marketing video - START// IP Marketing video - END

Սեպտեմբերի 1-13-ը՝ մանսուրյանական օրեր. «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը սկսվում է

Սեպտեմբերի 1-13-ը՝ մանսուրյանական օրեր. «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը սկսվում է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-13-ը մանսուրյանական օրեր են. ժամանակակից հայ դասական երաժշտության Վարպետի 80-րդ հոբելյանի կապակցությամբ կանցկացվի «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը, որն ունկնդրին կտեղափոխի Վարպետի կինոերաժշտության, դասական ու կամերային ստեղծագործությունների ինքնատիպ աշխարհ:

Համերգաշարը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ևսպորտի նախարարության աջակցությամբ։

Այս առիթով Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, Երևանի քաղաքապետՀայկ Մարությանի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորՍերգեյ Սմբատյանի մասնակցությամբ:

«Ես ինձ տարիների ընթացքում ավելի ապահով եմ զգում. իմ երաժշտությունն է այդ ապահովության զգացողությունը տվել և տարածել: Միջոցառումների այս շարքի համար ես շնորհակալ եմ իշխանություններին: Այս հսկայական աշխատանքի տակ ուժ է դրված, եռանդ և միջոցներ, և սա, նախևառաջ, արվեստի, երաժշտության նկատմամբ մեր իշխանությունների ուշադրությունն է ներկայացնում» -նշել է Տիգրան Մանսուրյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հայ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա մասնակցելու մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին նվիրված «ՄաեստրոՄանսուրյան-80» համերգաշարին։ Նախարարը նշել է, որ համերգաշարը Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված հոբելյանական մեծ տարվա շարունակությունն է, հայտնում է ԿԳՄՍ մամուլի ծառայությունը:

«Երևանը, Գյումրին և Ստեփանակերտը պատահական չեն ընտրվել. մեր նպատակն է եղել ապահովել հնարավորինս լայն ընդգրկում, և այս քաղաքներն այդ խնդիրը լուծում են: Վարպետի հետ շփվելով՝ հասկացա, որ 80-ամյակը շատ հարաբերական է, նա երիտասարդ է և անընդհատ ստեղծագործում է, իսկ ամենակարևորը հոգու երիտասարդությունն է: Վստահ եմ, որ առաջիկա 10-ամյակները Վարպետը մեզ դեռ շարունակելու է զարմացնել: Նրա կողքին գտնվեը մեծ պատիվ է բոլորիս համար, որովհետև բացի այն, որ Մանսուրյանը ոլորտի նշանակալի անձնավորություններից մեկն է, նա աշխատել է շատ մեծությունների հետ, և կարծում եմ, որ նրա կենսագրությունը և աշխատաոճը մեծապես կրում են նաև այդ մեծությունների հետ շփման ազդեցությունը: Եվ հիմա մենք հնարավորություն ունենք նաև Վարպետի հետ շփվելով՝ միջնորդավորված շփվել նաև այն անձնավորությունների հետ, որոնք մեծ ներդրում են ունեցել մեր մշակույթի մեջ»,-նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ տարին ամփոփելով՝ կարձանագրվի, որ 2019 թվականը մշակութային կյանքում եղել է նշանակալիներից մեկը:

Իրադարձությունը կարևոր է ու պարտավորեցնող. նկատել է քաղաքապետ Հայկ Մարությանն ու շնորհակալություն հայտնում մաեստրոյին՝ նախաձեռնության կողքին կանգնած լինելու համար: «Ես երջանիկ եմ, որ կարողանում եմ ապրել նույն երկրում, նույն քաղաքում, որտեղ ապրում է Մանսուրյանը: Հազարապատիկ երջանիկ եմ, որ կարող եմ լինել իր կողքին և մաեստրոյի հետ ինչ-որ ծրագրեր ներկայացնել, խոսել ու մտքեր փոխանակել»,-ասել է նա:

Կոմիտասի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարին ընդառաջ թողարկվել են հուշամեդալներ։ Դրանց առաջին նմուշը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնել է ասուլիսի բանախոսներին:

Հոբելյանական համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդիհրապարակում. կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը: Հայաստանի պետական սիմֆոնիկնվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջինանգամ կներկայացնի կոմպոզիտորի հայտնի մեղեդիները նոր գործիքավորմամբ։

Սեպտեմբերի 4-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կթևածի մաեստրոյի ստեղծագործությունների շունչը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Սարյանիանվան լարային քառյակը, դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին և սոպրանո Աննա Ավդալյանը։

Սեպտեմբերի 5-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Տիգրան Մանսուրյանի գործիքային կոնցերտները, իսկ սեպտեմբերի 6-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի ՏիգրանՄանսուրյանի կինոերաժշտությունը։

Հոբելյանական համերգաշարը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին՝ Գյումրիի «Սև բերդում»։

 Ուշագրավ
Նախագծի հեղինակն է Պետրոս Ծամերյանը, համահեղինակը՝ Գրիգոր Բաղդագուլյանը
Մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 24-ին է
Հայաստանը ֆիլմերը ստանում է ՌԴ-ից, ուստի՝ հայ հանդիսատեսին այն կհասնի նույն տեսքով, ինչ ռուսաստանցի հանդիսատեսին