ՀՀ-ն, Կիպրոսն ու Հունաստանը սերտացնում են գործակցությունը սփյուռքի հարցերի շուրջ

ՀՀ-ն, Կիպրոսն ու Հունաստանը սերտացնում են գործակցությունը սփյուռքի հարցերի շուրջ

PanARMENIAN.Net - Հայաստանը, Կիպրոսն ու Հունաստանը սերտացնում են գործակցությունը սփյուռքի հարցերի շուրջ: Օգոստոսի 28-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ:

Ողջունելով Զարեհ Սինանյանին Կիպրոսում՝ Ֆոտիսը կարևորել է արդեն ձևավորված երկկողմ հարաբերությունները, անդրադարձել երկու պետությունների սփյուռքների միջև համագործակցության խորացմանն ուղղված ռազմավարության մշակման անհրաժեշտությանն ու հույս հայտնել, որ սփյուռք-սփյուռք կապերի խորացումը կլինի նաև երկրների կառավարությունների օրակարգերում:

Կիպրացի պաշտոնյան առանձնակի ոգևորությամբ է խոսել Կիպրոսում հայ համայնքի կազմակերպվածության, ինտեգրման բարձր աստիճանի, միևնույն ժամանակ ինքնությանը և արմատներին կառչած մնալու մասին: «Կիպրոս պետությունն ամեն բան անում է, որպեսզի հայ համայնքը ճանաչի իր պատմությունն ու պահպանի ինքնությունը, այդ նպատակով կառավարությունն աջակցում է հայկական կազմակերպություններին, դպրոցներին և եկեղեցուն»,-նշել է Ֆոտիու Ֆոտիսը՝ բարձր գնահատելով նաև Կիպրոսի ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանի գործունեությունը: Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարը նշել է նաև, որ քննարկվում է Կիպրոսում Հայաստանի թանգարան կառուցելու նախագիծը, որի ֆինանսավորումը ակնկալվում է Եվրոպական միությունից: «Այս թանգարանը կարևոր կլինի ոչ միայն հայ համայնքի, այլև Հայաստանի և յուրքանչյուր մարդու համար, որը կայցելի Կիպրոս»,-նշել է Ֆոտիսը, հայտնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Զարեհ Սինանյանը ողջունել է թանգարանի կառուցման գաղափարը և աջակցության պատրաստակամություն հայտնել: Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ Հայաստանի և Կիպրոսի պատմական ընդհանրությունները էապես նպաստում են երկու երկրների միջև համագործակցության խորացմանը, և սփյուռքի գծով համատեղ աշխատանքները նոր թափ են ստանալու: «Կիպրոս պետության՝ հայ համայնքին ցուցաբերվող վերաբերմունքը բացառիկ ու փայլուն օրինակ է, և սա խոսում է այս երկրի բարձր արժեհամակարգի մասին»,-նշել է Զարեհ Սինանյանը:

Կողմերն անդրադարձել են համատեղ փոխըմբռնման հուշագրի ընդլայնմանը, նոր գաղափարների մշակմանը, երկու սփյուռքների երիտասարդական ներուժի համախմբմանը, երիտասարդական հավաքների կազմակերպմանը, փորձի փոխանակմանը, ակտիվ փոխայցելություններին, ինչպես նաև այս համագործակցության միջոցով երկու երկրների տնտեսական, մշակութային և բիզնես կապերի սերտացմանն առնչվող հարցերի:

Այնուհետ հանդիպումը շարունակվել է եռակողմ ձևաչափով և կողմերին միացել է նաև Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ հունական սփյուռքի հարցերով տեղակալ Անտոնիս Դիամատրիսը: Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության շրջանակներում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են երեք երկրների սփյուռքների կազմակերպված կառույցների, կազմակերպությունների և համայնքներ միջև համագործակցության խրախուսումը, երիտասարդական ցանցերի ստեղծումը և հավաքների կազմակերպումը, մասնագիտական հարթակների մշակումը, հայտնի մասնագետների միջև կապերի հաստատումը, սփյուռք-սփյուռք համագործակցության միջոցով նաև երեք պետությունների տնտեսական, զբոսաշրջային, ներդրումային կապերի արապնդումը, համատեղ օրակարգերի մշակումը և տարբեր համայնքերում միասնական միջոցառումների կազմակերպումը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիպրոսի նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն՝ Նիկոսիայում անցկացվող Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով:

Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը կհանդիպի Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի, արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---