Աշտարակում «Ոսկեհատ» գինու փառատոն կանցկացվի

Աշտարակում «Ոսկեհատ» գինու փառատոն կանցկացվի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Աշտարակում կանցկացվի «Ոսկեհատ» գինու փառատոնը, որը հագեցած կլինի ոչ միայն հայկական գինիների բազմազանությամբ, այլև հարուստ մշակութային ծրագրով՝ հայկական էթնիկ երգ, երաժշտություն ու պար՝ սիրված դերասանների և էթնո-բենդի կատարմամբ, հայկական հնագույն արվեստների վարպետության դասեր, ձեռագործ իրերի վաճառք, տնայնագործ գինեգործների պարգևատրում և այլն։ Փառատոնը կանցկացվի ժամը 17։00–ին Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում։

Փառատոնի այցելուների համար կգործի երկկողմանի անվճար ուղևորափոխադրում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16։00-16։30, Հանրապետության հրապարակից, հետադարձը՝ 22։00-24։00, դեպի Հանրապետության հրապարակ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում սեպտեմբերի 5-ին կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի և Աշտարակ համայնքի ղեկավարի խորհրդական Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված սեպտեմբերի 7-ին կայանալիք «Ոսկեհատ» գինու փառատոնին։

«Փառատոնը կարևոր նշանակություն ունի մեզ համար, քանի որ այն կնպաստի գինու մշակույթի տարածմանը, առավել ճանաչելի կդարձնի մարզը որպես գինեգործական տարածաշրջան։ Փառատոնը կօգնի զարգացնել գինու տուրիզմը և, իհարկե, կաշխուժացնի տարածաշրջանի մշակութային կյանքը»,-նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

««Ոսկեհատ» գինու փառատոնը Հայաստանի ներուժը ցուցադրելու հիանալի հնարավորություն կդառնա։ Նմանատիպ փառատոնների կազմակերպումը լիովին տեղավորվում է Հայաստանի գաստրոնոմիական ծրագրերի զարգացման մեջ»,- ընդգծել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։

«Մենք կարևորում ենք նմանօրինակ միջոցառումների անցկացումն Աշտարակ քաղաքում, քանի որ դրանք ուղղակիորեն նպաստում են համայնքի տնտեսականզարգացմանը՝ բարձրացնելով զբոսաշրջային և ներդրումային գրավչությունը»,- նշել է Աշտարակ համայնքի ղեկավարի խորհրդական Արթուր Ոսկանյանը՝ հավելելով, որ համայնքներում այսպիսի ծրագրերի իրականացումը նպաստում է նաև գյուղատնտեսության և սպասարկման ոլորտներում լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը։

«Ոսկեհատ» գինու փառատոնը տեղի կունենա սսեպտեմբերի 7-ին՝ ժամը 17։00–ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում։

ՀԽԳՀ-ը ստեղծվել է 2016 թ. ՀՀ կառավարության կողմից և նպատակ ունի խաղողագործության և գինեգործության ոլորտում ներդնել պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի նոր ռազմավարություն՝ միտված միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացմանը, ոլորտի օրենսդրական դաշտի և որակի վերահսկման համակարգի կատարելագործմանը, գործարար միջավայրի բարելավմանը և արտահանման ծավալների մեծացմանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---