2019-ին ՈւԵՖԱ-ի աջակցությամբ ՀՀ մարզերում արհեստական խոտածածկով 76 խաղադաշտ կկառուցվի

2019-ին ՈւԵՖԱ-ի աջակցությամբ ՀՀ մարզերում արհեստական խոտածածկով 76 խաղադաշտ կկառուցվի

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն շարունակելու է նպաստել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավմանը: Այդ մասին ՈւԵՖԱ -ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Մասնավորապես, նշվել է, որ ՈւԵՖԱ-ի աջակցությամբ նախատեսվում է այս տարվա ընթացքում Հայաստանի մարզերում կառուցել արհեստական խոտածածկով 76 խաղադաշտեր, ՀՖՖ-ին ապահովել անհրաժեշտ մարզագույքով, ծրագրեր իրականացնել ֆուտզալի և կանանց ֆուտբոլի զարգացման ուղղությամբ:

Վարչապետը ողջունել է պարոն Չեֆերինի այցը մեր երկիր և կարևորել ՀՖՖ-ի և ՈւԵՖԱ-ի միջև սերտ ու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանում ֆուտբոլի զարգացման: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ՈՒԵՖԱ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը և նշել, որ դրա արդյունքում երկրում իրականացվում են ֆուտբոլի մասսայականացմանը միտված մի շարք ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պարոն Չեֆերինի այցը կնպաստի ՀՖՖ-ի հետ փոխգործակցության նոր ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանում ազգային մարզադաշտի կառուցման ուղղությամբ, հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը։

Ալեքսանդր Չեֆերինը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության և ֆուտբոլի զարգացումը ուշադրության կենտրոնում պահելու համար: ՈւԵՖԱ-ի նախագահը գոհունակություն է հայտնել ՀՖՖ-ի գործընկերների հետ համագործակցությունից:

ՈւԵՖԱ-ի նախագահը նշել է, որ ժամանակակից աշխարհում ֆուտբոլը դարձել է տնտեսության առանձին ճյուղ, որտեղ շրջանառվում են հսկայական ֆինանսական միջոցներ: Զրուցակիցները համակարծիք էին, որ ֆուտբոլը մեծ դեր ունի սոցիալական կյանքում, ժողովուրդներին համախմբելու և միավորելու գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՖՖ-ի և ՈւԵՖԱ-ի համագործակցությամբ առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող մի շարք այլ հարցերի:

Ալեքսանդր Չեֆերինը Նիկոլ Փաշինյանին է նվիրել ֆուտբոլային գնդակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---