18 հոկտեմբերի 2008 - 13:41 AMT
ԱՄՆ-ի համար տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները հավասարազոր են
«ԱՄՆ-ն հանդես է գալիս ցանկացած պետության տարածքային ամբողջականության օգտին, սակայն դա միջազգային իրավունքի սկզբունքներից մեկն է: Հավասարազոր սկզբունք է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքը»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ամենադժվարը այս երկու սկզբունքների համատեղումն է: «Հասկանալի է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է ինչ-որ բան զիջի: Ես կրկնում եմ, ԱՄՆ վարչապետի ու պետդեպարտամենտի ամենաանկեղծ ցանկությունն է, որ Ադրբեջանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդներն ապրեն խաղաղ եւ հաջողությամբ զարգանան»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը:

Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ Բաքվում հիանալի գիտեն, որ հակամարտության ռազմական լուծումն անհնար է եւ անընդունելի: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը պահպանվում է: Բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց կա, ձեւաչափը հաջող է գործում, ես այդ մասին արդեն խոսել եմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ»,-ասել է Ֆրիդը: