Մակունց. «Իմ քայլը» Ամուլսարի հարցում համաձայն է վարչապետի հետ

Մակունց. «Իմ քայլը» Ամուլսարի հարցում համաձայն է վարչապետի հետ

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագրողներին հայտնել է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցում խմբակցությունը համաձայն է վարչապետ Փաշինյանի հետ:

Հղում անելով վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերին՝ Մակունցը նշել է, որ այս փուլում խոսքը ոչ թե հանքի շահագործման մասին է, այլ այն շինաշխատանքների, որոնք անհրաժեշտ են առաջին փուլում:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի խոսքով՝ նույնիսկ առաջին փուլում որևէ խախտում կամ շեղում նկատելու դեպքում տեսչական մարմինը կիրականացնի անհրաժեշտ բոլոր գործողությունները, իսկ 90-օրյա ժամկետում հնարավոր խնդիրները չուղղելու պարագայում, կդադարեցվի գործընթացը: Ըստ Մակունցի՝ հանքի շահագործման որոշումը չի հակասում ժողովրդի շահերին և կարիք չկա նրանց բաժանել «կողմ և դեմ» կողմերի:

Անդրադառնալով խմբակցության ներսում Ամուլսարի հարցի վերաբերյալ տարակարծությանը՝ Մակունցը նշել է. «Այն, որ խմբակցությունում կա բազմակարծություն, ես բոլորովին չեմ դիտարկում որպես պառակտվածություն, դա մեր քաղաքական ուժի ամենաուժեղ կողմն է»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով հայտնել էր, որ Ամուլսարի հանքի շահագործումը հարյուր տոկոսով անվտանգ է, իսկ դա նշանակում է՝ ոչ մի լիտր աղտոտված ջուր չի արտահոսի արտաքին միջավայր, բնակավայրերում փոշի, այլ թունավոր նյութեր չեն լինի, ստորերկրյա և մակերեսային ջրերը չեն աղտոտվի, կենսաբազմազանության հետ կապված պրոբլեմներ չեն առաջանա:

Ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը նշել էր, շատ խնդրահարույց կլինի «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության եզրակացությունից հետո այդ պայմաններում հանքի շահագործումը թույլատրելը: ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն էլ հայտարարել էր, որ Ամուլսարի ոսկու հանքի հարցով «Էլարդ» կազմակերպության զեկույցը չի փարատել իր մտահոգությունները նախագծի վերաբերյալ և զեկույցը համարել էր առավելապես հակասական՝ կոնկրետ որոշում կայացնելու համար։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---