Փաշինյան. Այս պահին Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ հիմք չունենք

Փաշինյան. Այս պահին Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ հիմք չունենք

PanARMENIAN.Net - Ամուլսարի հարցում ամենամեծ դժբախտությունն այն է, որ բոլորն ունեն իրենց տեսակետն անկախ ամեն ինչից: Մի մասն ասում է՝ Ամուլսարը սար է. աշխարհը կքանդվի, պիտի մնա սար, մյուսը մասն ասում է՝ Ամուլսարը պետք է շահագործվի: Այս մասին Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Ամուլսարի շահագործման մասին հարցին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով՝ Ամուլսարի հարցում հայ և միջազգային հանրության հետ պետք է լինեն ազնիվ և մինչև վերջ գնան ճշմարտության հետևից:

«Ես պետք է դե յուրե և դե ֆակտո ստանամ այդ հարցի պատասխանը՝ դա էկոլոգիական աղետ է, թե ոչ: Պարզ չէ: Թեղուտի օրինակը բերեմ: Երբ արձակուրդում էի, մտածում էի ընդհատեմ, վերադառնամ….վերադարձա. կառավարության անդամներն էին մտել իմ սենյակ, ասում էին՝ հենց հիմա Թեղուտը փակի, հազարավոր զոհեր… պարզվեց ճիշտ չէին ասում: Պետք է ազնիվ լինենք: Սա շատ կարևոր տնտեսական, էկոլոգիական հարց է»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքը երբեք հանքը բացել-չբացելու խնդիր չի դրել: «Միշտ ասել եմ. գնալու եմ ճշմարտության հետևից: Լիդիանի ներկայացուցիչներին ասել եմ՝ եթե պարզվի, որ իրոք էն ստանդարտներով, որոնք ասում են, հնարավոր է հանքը շահագործել, իրենց կաջակցեմ, եթե ոչ՝ բացառված է»,- նշել է Փաշինյանը:

Փաշինյանը նաև նշել է, որ այս պահին կառավարությունը Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու դե յուրե որևէ հիմք չունի: «Կես ժամից կարող է պարզվել, որ այդ հիմքը ի հայտ է եկել. ոչ մի զգացմունք ու շահ չունենք, կփակենք: Մենակ այն բանի պատճառով, որ կառավարության վրա ճնշում են գործադրում, մենք չենք պատրաստվում հանքը փակել: Շատերն էլ ասում են` կառավարությունը հանքի շահագործումը վաղուց են թույլ տվել: Եթե ունենք արգելելու հիմք ու պատճառ, պիտի արգելենք, եթե չունենք, ինչի՞ հիման վրա ենք արգելում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Սեպտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Նա հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների և հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---