Արցախյան պատերազմում զենք վերցնողների մասին «Իմ խաչը» ֆիլմը՝ հոկտեմբերի 4-ից մեծ էկրանին (վիդեո)

Արցախյան պատերազմում զենք վերցնողների մասին «Իմ խաչը» ֆիլմը՝ հոկտեմբերի 4-ից մեծ էկրանին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին մեծ էկրան կբարձրանա իրական պատմությունների հիման վրա նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմը, որը ներկայացնում է 1991-1992 թվականներին ղարաբաղյան պատերազմում զենք վերցրած և ազատագրական պայքար մղած հայ մարդու հերոսական սխրանքները:

Ֆիլմում կարմիր թելի նման անցնում է գլխավոր ասելիքը՝ սա մեր կռիվն է՝ հանուն պատմական արդարության: Հենց այստեղ են միահյուսվում ֆիլմի գլխավոր հերոսներ՝ ֆրանսիացի բժիշկ Ժակի և արցախցի Սոնայի պատմությունները:

1991 թվականին բժշկական առաքելությամբ Բաքու գործուղված բժշկին մարմնավորում է Ֆրանսիայից հրավիրված դերասան Երո Մուրյանը, իսկ վրիժառու դարձած արցախցի կնոջը՝ Նարինե Գրիգորյանը, Ժակին մեծ տարիքում՝ ռուս անվանի դերասան Բորիս Խվոշնյանսկին:

Սոնային մարմնավորած Նարինե Գրիգորյանը նշել է՝ արմատներով լինելով Արցախից, երկար տարիներ տանն այդ ժամանակաշրջանի մասին չէին խոսում. «Տարիներ անց ես մի քանի անգամ պատերազմին վերաբերող ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ստացա, սակայն մերժում էի: Երբ 2014 թվականին ստացա «Իմ խաչը» ֆիլմում Սոնայի կերպարը մարմնավորելու առաջարկը միանգամից համաձայնեցի, որը մեծ ու լուրջ կինոյում իմ առաջին փորձն էր»:

Անդրադառնալով կերպարին` դերասանուհին նշել է, որ իր համար Սոնայի կերպարը շատ հետաքրքիր է, քանի որ ֆիլմի ամբողջ ընթացքում մետամորֆոզ է ապրում՝ զգացմունքային կնոջից վերածվելով սառնասիրտ վրիժառուի, որի մեջ կրկին դրական զգացմունքներ կարողանում է արթնացնել միայն ֆրանսիացի բժշկը:

Ի դեպ, այս և արցախյան մյուս հերոսների պատմություններից տպավորված է պատերազմը վավերագրող Շավարշ Վարդանյանի մոտ դրանք գեղարվեստական ստեղծագործության վերածելու գաղափարը ծագել, որը սցենարիստներ Էդուարդ Խալդի, Արմեն Վաթյանի և Արսեն Դանիելյանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում դարձել է գեղարվեստական ֆիլմի սցենար:

Ի դեպ, ֆիլմում տեղ են գտել Շավարշ Վարդանյանի անձնական արխիվից երբևէ չհանրայնացված վավերագրական կադրեր:

Այս կինոնախագծի մեկնարկը տրվել է 2014 թվականին՝ «Ռակուրս» և մոսկովյան APcinema ընկերությունների և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համատեղ աշխատանքի արդյունքում, որին աջակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմն դերասանական մեծ կազմ ունի՝ Շանթ Հովհաննիսյան, Սարգիս Գրիգորյան, Արմեն Մարգարյան, Հովակ Գալոյան, Ալեքսանդր Խաչատրյան, Արա Սարգսյան, Ռազմիկ Խոսրոև, Անի Խաչիկյան, Անդրանիկ Խաչատրյան, Լևոն Մելոյան, Լևոն Ղազարյան, Գնել Ուլիխանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արկադի Ղարագուլյան և այլք։ Ինչպես նաև ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել հրավիրված դերասաններ Տատյանա Դերբենյովան և Կարինա Գոնդագսազյանը:

Դերասաններից Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ համազգեստ հագնելն իր համար մեծ պատասխանատվություն է, հարգանքով է վերաբերվում զինվորական համազգեստին:

Գրիգորյանի խոսքով՝ իր համար կարևոր է հերոս տղերքին արժանապատիվ ներկայացնելը. «Պետք է չհեռանալ իրականությունից, կերպարդ կերտելիս սխալվելու իրավունքն չունես, որպեսզի հանրության առաջ պարզ ճակատով դուրս գաս»:

Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Շավարշ Վարդանյանը, բեմադրող օպերատորներն են Արտավազդ Խաչատրյանը, Մաքսիմ Հայրապետովը։ Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Հայկոն (Հայկ Հակոբյան):Ֆիլմի պրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանը և Վալերի Սահարյանը։ Հնչյունային ձևավորումը և ձայնային 5.1 ձեվաչափի համադրումը կատարվել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի արտադրատեխնիկական բազայում։ Հնչունային ռեժիսորն է Վասիլի Կրաչկովսկին, ձայնի երաժշտական սուպերվայզերը՝ Արտաշես Անդրեասյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---