Սանասարյանի գործն ուղարկվել է դատարան. Պաշտոնեական դիրքը ՊՎԾ շահերին հակառակ է օգտագործել

Սանասարյանի գործն ուղարկվել է դատարան. Պաշտոնեական դիրքը ՊՎԾ շահերին հակառակ է օգտագործել

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը հաստատել է ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնող (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան:

Նա մեղադրվում է այն բանի համար, որ՝ ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սամվել Ադյանին, Գևորգ Խաչատրյանին, Տարոն Ավետիսյանին:

Սեպտեմբերի 25-ին Դավիթ Սանասարյանի պաշտպանական խումբը նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացնել դատախազություն։

2018 թվականի փետրվարի 26-ին Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ աշխատակից Գևորգ Խաչատրյանը ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին միջամտության կասկածանքով: Այս գործի շրջանակում՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք էր առաջադրվել նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին: Այս պահին Սանասարյանի լիազորությունները դադարեցված են, գործը քննվում է ԱԱԾ-ում:

 Ուշագրավ
Վարչապետը հանդիպել է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար