Փաշինյան. 24 ժամում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ

Փաշինյան. 24 ժամում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվող ռազմավարական զորավարժությունների շրջանակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին այցելել է պահեստազորի զորավարժարան, որտեղ անցկացվում են մարտական պատրաստականության զորավարժություններ։

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Փաշինյանը շրջել է զորավարժարանի վրանային ավանում, ծանոթացել պահեստազորի համար ստեղծված կենցաղային, սննդի պայմաններին։ Նիկոլ Փաշինյանը հետևել է նաև պահեստազորի պարապմունքներին, դիտել մարտական պատրաստվածությունը և զինտեխնիկայով հագեցվածությունը ներկայացնող զենքի կիրառության դրվագներ։

Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Վարչապետն ընդգծել է, որ այս օրերին տեղի են ունենում մեր հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբի զորավարժություններ, որոնց գործնական նպատակը գնահատելն է ոչ միայն Զինված ուժերի, այլև ընդհանրապես, մեր հանրության մարտունակության աստիճանը:

«Ընդամենը 24 ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ, այսինքն մեր Զինված ուժերի թվաքանակը կրկնապատկվել է: Եվ դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ դուք՝ Հայաստանի Հանրապետության պահեստազորում գրանցված քաղաքացիներդ, շատ արագ, պատրաստակամորեն և վճռական արձագանքել եք Հայաստանի Հանրապետության կառավարության կոչին և զինվորագրվել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այս զորավարժությունները վստահություն են տալի, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, հանրությունը մարտունակ են, իսկ տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների փոխգործակցության բավականին բարձր մակարդակ կա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային կորպուսի հրամանատարության և Սյունիքի մարզի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են մարտական պատրաստականությանը, իրական իրավիճակին և մարտական խնդիրներին վերաբերող հարցեր։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---