Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Դուք ու Ալիևն ընկերներս եք, ի՞նչ անեմ

Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Դուք ու Ալիևն ընկերներս եք, ի՞նչ անեմ

PanARMENIAN.Net - ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի աշխատանքներին Երևան ժամանած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խոսել է հայ-բելառուսական հարաբերությունների առաջընթացի ու կարևորության մասին, ինչից հետո անդրադարձել է Բաքվի, Երևանի ու Մինսկի հարաբերություններին։

«Այդպես է ստացվել, որ Դուք իմ շատ լավ ընկերն եք, և Ադրբեջանի նախագահը դեռ վաղ ժամանակներից լավ ընկեր է: Եվ ի՞նչ կարող եմ ես անել՝ ես շատ լավ եմ վերաբերվում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ Ադրբեջանի ղեկավարությանը դեռ այն ժամանակներից, երբ դեռ Հեյդար Ալիևն էր այնտեղ նախագահ, մենք նրա հետ ենք սկսել աշխատել: Ձեզ հետ նույնպես լավ հարաբերություններ ունենք: Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի: Բացարձակապես ոչ: Եկեք Բելառուս, ցույց տվեք՝ ինչ է ձեզ պետք, մենք պատրաստ ենք աշխատել՝ ի շահ Հայաստանի: Հավատացեք, դրանք այդպիսի հարաբերություններ են։, - ասել է նա։

«Ես նման ոչ դիվանագիտական թեմա շոշափեցի, միգուցե պետք չէր այն շոշափել, բայց չեմ ուզում, որ մեր միջև որևէ մինչև վերջ չասված, չպարզված բաներ լինեն: Մենք պարտավոր ենք արտահայտել հայերի և բելառուսների սպասումները, մենք պետք է բարեկամություն անենք, քանի որ մեր ժողովուրդներն են բարեկամություն անում: Մենք պետությունների ղեկավարներ ենք, որոնք պետք է ժողովրդի կամքն իրագործեն: Ես հենց դրանից եմ ելնում: Սա ուղղակի խոսակցություն չէ, Դուք պետք է հավատաք իմ անկեղծությանը և իմացեք, որ մենք միշտ լավ ենք վերաբերվելու ձեզ՝ ինչպես հարազատներին, ինչպես եղբայրներին: Ձեր երկրի նախագահը եկել, հանդիպել էր Բելառուսում հայկական սփյուռքի հետ», - հայտարարել է Լուկաշենկոն։

Փաշինյանը, պատասխանելով Լուկաշենկոյի խոսքերին, մասնավորապես ասել է, որ գնագատում է բաց ոճն ու ուղղախոսությունը։ «Շատ կարևոր է, որպեսզի մեր հարաբերություններում մութ անկյուններ չլինեն, և մենք միշտ բաց բոլոր հարցերը քննարկում ենք: Դուք գիտեք, որ մենք Ադրբեջանի հետ բավական ոչ հեշտ հարաբերություններ ունենք, ուղիղ ասած՝ կոնֆլիկտային հարաբերություններ: Մենք այդ հարցը քննարկել ենք նաև ՀԱՊԿ շրջանակում: Իհարկե, յուրաքանչյուր պետություն պետք է հաշվի նստի սեփական շահերի հետ, բայց ես ցանկանում եմ ընդգծել, ինչպես որ խոսել էինք այդ մասին, մենք նաև հավաքական շահեր ունենք, և շատ ուրախ եմ, որ մենք ունակ ենք միասին աշխատել և քննարկել բոլոր նյուանսները՝ միասնական կարծիքի հանգելու համար», - հայտարարել է Փաշինյանը: «Իհարկե, ոչ բոլոր հարցերն են հեշտ, և ընդհանրապես զբաղվել այն գործով, որով մենք զբաղվում ենք, հեշտ գործ չէ: Վստահ եմ, որ մենք բավականաչափ իմաստություն, բավականաչափ խիզախություն և բավականաչափ կամք ունենք՝ բոլոր հարցերը լուծելու համար և այնպես լուծելու համար, որպեսզի մեր երկրների, մեր ժողովուրդների բարեկամությունը և եղբայրությունը զարգանան և գնալով ավելի ու ավելի ջերմանան»․ - ընդգծել է ՀՀ վարչապետը։

Հայաստանի ու Բելառուսի հարաբերությունները լարման փուլ մտան 2018-ին՝ ՀԱԿՊ նախագահի ընտրության շուրջ։ Բելառուսը դեմ հանդես եկավ Հայաստանի պլաններին՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀԱՊԿ ԳՔ Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո կառույցում պաշտոնը պահպանելու վերաբերյալ, Լուկաշենկոն հրապարակավ քննարկեց ՀԱՊԿ-ին վերաբերվող հարցերը Ադրչբեջանի դեսպանի ու նախագահի հետ ու պնդեց Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Փաշինյանը հրապարակային կոշտ քննադատությամբ արձագանքեց, ինչին հետևեց երկրների դիվանագիտական կառույցների «փոխհրաձգությունը»։ Ի վերջո, ՀՀ-ն համաձայնեց ՀԱՊԿ-ում Զասի թեկնածությանը, սակայն ոչ շուտ, քան 2020 թվականից։

 Ուշագրավ
Նրանք իրենց անվտանգ են զգում իրենց երկրների փողոցներում գիշերային ժամերին
Մանուկյանը հավելել է, որ հայրենիքը կորցնելու հարցն էր դրված և իրենք ճիշտ քայլի են դիմել
Տոնոյանը նաև նշել է, որ արդիականացվում է նաև 102-րդ ռուսական ռազմակայանը
Փոխքաղաքապետը խորհրդակցել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ