ՊԵԿ. Հիփոթեքային վարկի համար եկամտային հարկի վերադարձի ծավալն աճել է 65%-ով

ՊԵԿ. Հիփոթեքային վարկի համար եկամտային հարկի վերադարձի ծավալն աճել է 65%-ով

PanARMENIAN.Net - 2019 թվականի 9 ամիսների ընթացքում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով վերադարձված եկամտային հարկի գումարը կազմել է շուրջ 5․45 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցել է 65%-ով։ Այս մասին հաղորդում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

2015 թվականի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է եկամտային հարկի 274 միլիոն դրամ, 2016 թվականի ընթացքում՝ 1․35 մլրդ դրամ, 2017 թվականի ընթացքում՝ 2․416 մլրդ դրամ, 2018 թվականի ընթացքում՝ 4․684 մլրդ դրամ գումար։

Գումարների աճին զուգահեռ՝ աճել է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թիվը: 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գործընթացում ներգրավված է եղել 6321 անձ (վարկառուներ և համավարկառուներ)՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի 3682-ի դիմաց: Ներգրավված անձանց թիվն աճել է 2639-ով կամ 72%-ով: ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գործընթացի սկզբից վարկառուներին (համավարկառուներին) պետական բյուջեից վերադարձվել է վճարված եկամտային հարկի շուրջ 14 միլիարդ դրամի չափով գումար:

Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝ անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց են վերադարձվում իրենց կողմից վճարված եկամտային հարկի գումարները: Գործընթացը սկսվել է 2015 թվականի հունիս ամսից և վերաբերում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին: 2018 թվականի հունվարի 1-ից վճարած եկամտային հարկը վերադարձվում է նաև ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով ստացված հիփոթեքային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---