Սանասարյան. Արսեն Թորոսյանը կեղծ ցուցմունք է տվել, Վանեցյանը՝ սխալ ինֆորմացիա զեկուցել

Սանասարյան. Արսեն Թորոսյանը կեղծ ցուցմունք է տվել, Վանեցյանը՝ սխալ ինֆորմացիա զեկուցել

PanARMENIAN.Net - ՊՎԾ պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մեղադրել է կեղծ ցուցմունք տալու, իսկ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ ինֆորմացիա տրամադրելու մեջ: Aravot.am-ի հաղորդմամբ՝ այս մասին Դավիթ Սանասարյանը հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ես կարեկցում եմ Թորոսյանին, հանցակազմ կա Թորոսյանի գործողությունների մեջ և դա կեղծ ցուցմունքն է, ես ասել եմ, որ իմ աշխատողը իրավունք չունի մասնակցել տենդերին: Թորոսյանն ասել է, որ ես էլ բիզնես ունեմ։ Կարևորը դա չէ, կարևորը պետության շահն է, իրեն հետաքրքիր չէր, որ պետական աշխատողը տենդերին մասնակցում է»,- մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Դավիթ Սանասարյանը:

Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանի խոսքով՝ որևէ ցուցմունքով չկա, որ ՊՎԾ պետը երեք անձանց սխեմաներից տեղյակ է:

Ըստ պաշտպանի՝ Արսեն Թորոսյանն ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել Դավիթ Սանասարյանի հետ 2018-ի վերջում և հայտնել, որ մրցույթին մասնակցել է մի ընկերություն, որը ՊՎԾ աշխատակիցների հետ կապ ունի, բայց լավ գնային առաջարկ են ներկայացրել, օրենքի տառին համապատասխան հաղթել է, բայց կարծես թե փաստաթղթերի հետ խնդիր կա: Դավիթ Սանասարյանն էլ իբր խոսել-պարզել է, որ խնդիր չկա փաստաթղթերի հետ:

Պաշտպանի խոսքով՝ այս դրվագը իրավապահները դիտարկել են «խմբային շահ», բայց մեղադրանքում գրված չէ, որ Դավիթ Սանասարյանը շահագրգռություն է ունեցել, մինչդեռ մեղադրյալի կարգավիճակ է ստացել:

Սանասարյանը նաև անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքին, ասելով, որ նախքան քրեական գործի հարուցումը, ամիսներ շարունակ երկրի վարչապետին իր վերաբերյալ զեկուցվում էր սխալ ինֆորմացիա՝ դրանում մեղադրելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:

«Մեզ բոլորիս համար պարզ է, արդեն թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից էր զեկուցվում: Բոլորդ գիտեք ավտոմեքենայի վերաբերյալ խոսակցությունները, տարատեսակ սուտ ինֆորմացիաներ, որոնց վերաբերյալ վարչապետի կողմից հարցեր էին հնչեցվում՝ ի՞նչ կապ ունեն այդ ինֆորմացիաներն ինձ հետ: Ամեն անգամ ես վարչապետին ներկայացրել եմ, որ դրանք կեղծ են, և հենց ԱԱԾ համապատասխան ծառայությունների կողմից արված լայնածավալ, մեծառեսուրս գործողությունների արդյունքում իրենք փաստեցին, որ նման բաներ չկային: Այսինքն՝ իրենք խոսեցին դրա մասին, իրենք հերքեցին: Կհիշեք՝ ինչ-որ տեսանյութեր կային, որտեղ ես կաշառք էի վերցնում: Ես ձեզ բոլորիդ հավաստիացնում եմ՝ եթե նման տեսանյութ լիներ, լրիվ այլ հոդվածով կլիներ քրեական գործը, ես էլ այստեղ նստած չէի լինի»,- CivilNet-ի փոխանցմամբ՝ ասել է Սանասարյանը:

ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների հայտարարած հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։ Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցված են` 2019 թվականի ապրիլ ամսից, նրան մեղադրանք էր առաջադրվել`պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել` չհեռանալու մասին ստորագրությունը: Սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Սանասարյանի և մյուսների գործն ուղարկվել է դատարան:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---