Բեգլարյանը Ստրասբուրգում ԵԽ պաշտոնյաների հետ քննարկել է արցախցիների իրավունքների պաշտպանությունը

Բեգլարյանը Ստրասբուրգում ԵԽ պաշտոնյաների հետ քննարկել է արցախցիների իրավունքների պաշտպանությունը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 1-2-ին Ստրասբուրգում մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց ներկայացնելով Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և հակամարտությամբ ու չճանաչվածությամբ պայմանավորված հիմնախնդիրներն ու մարտահրավերները:

Բեգլարյանը հանդիպել է, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նախագահ Շտեֆան Շենախի հետ: Նա ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակն, արկա խնդիրները, եվրոպական կառույցների հետ իր գրասենյակի ընթացիկ շփումները և հնարավոր համագործակցության հեռանկարները։

Հաշվի առնելով, որ Շենախը նաև Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողն է, պաշտպանն անդրադարձել է այդ երկրի կատարած իրավախախտումներին և հարուցած սպառնալիքներին: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության դրսևորումների վրա՝ համազեկուցողին տրամադրելով հայատյացության և Ապրիլյան պատերազմի իրավախախտումների թեմաներով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները: Նա ընդգծել է, որ հայատյացությունն ընկած է Ադրբեջանի կողմից հայերի իրավունքների համակարգային խախտումների հիմքում, որը, միևնույն ժամանակ, լրջագույն սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգության և մարդու իրավունքների միջավայրի համար:

Բեգլարյանը հանդիպել է նաև ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ներքին տեղահանված անձանց իրավունքների վերաբերյալ զեկուցող Կիլլիոն Մունյամայի հետ: Նա ներկայացրել է Արցախում ապրող ներքին տեղահանված և փախստական անձանց հիմնախնդիրները՝ անընդունելի համարելով նրանց բացարձակապես անտեսումը միջազգային կառույցների կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանը մի շարք այլ հանդիպումներ է ունեցել և՛ ԵԽԽՎ պատգամավորների, և՛ ԵԽ անկախ մարմինների որոշ պաշտոնյաների հետ:

Բոլոր հանդիպումներում ԵԽ պաշտոնյաները հետաքրքրություն են ցուցաբերել Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության ընթացիկ վիճակի ու հիմնախնդիրների վերաբերյալ՝ ընդունելով չճանաչված պետությունների միջազգային ընդգրկվածության ապահովման հրատապ անհրաժեշտությունը:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 30-ին, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախաձեռնությամբ և աջակցությամբ, Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կազմակերպված՝ չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջոցառմանը՝ ելույթ ունենալով Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության գործում առկա խոչընդոտների մասին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---