Երկաթուղային բեռնափոխադրումները հունվար-սեպտեմբերին ավելացել են 7.7%-ով

Երկաթուղային բեռնափոխադրումները հունվար-սեպտեմբերին ավելացել են 7.7%-ով

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հոկտեմբերի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփել է 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների աշխատանքի արդյունքները: Ինչպես նշել է ընկերության ղեկավարը, հաշվետու ժամանակահատվածում պահպանվել է փոխադրումների աճի միտումը. բեռնափոխադրումների ծավալը գերազանցել է 2,3 մլն տոննա՝ 2018 թվականի հետ համեմատ աճելով 7,7%-ով:

Բեռնաշրջանառությունն ավելացել է 14,3%-ով, բեռնումը՝ 8,1%-ով: Փոխադրումներն արտահանման հաղորդակցությունում գերազանցեցին նախորդ տարվա շեմը 76,2 հազար տոննայով, տեղական փոխադրումներն ավելացել են 54,8 հազար տոննայով, իսկ ներմուծումը՝ 35,5 հազար տոննայով:

12․8%-ով աճել են նաև երկաթուղային ուղևորափոխադրումները: Հունվար-սեպտեմբերին երկաթուղին սպասարկել է 335 հազար ուղևոր, ընդ որում միջազգային փոխադրումներն ավելացել են 13,6%-ով, տեղականները՝ 11,1%:

Կատարելագործվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ, մասնավորապես գնացքի միջին քաշը, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունն ու վազքը, տեղամասային և տեխնիկական արագությունը:

Աճել են շարժակազմի վերանորոգման և սպասարկման ծավալները՝ վագոնների վերանորոգումը դեպոներում աճել է 24,4%-ով, ընթացիկ վերանորոգումը՝ 4,3%-ով, լոկոմոտիվների ընթացիկ սպասարկումը՝ 5,3%-ով, իսկ ընթացիկ վերանորոգումը՝ 3%-ով:

Հունվար-սեպտեմբերին երկաթուղին սպասարկել է 10 647 գնացք, որից 10 521-ն ընթացել են ըստ չվացուցակի: ՀԿԵ գլխավոր տնօրենն ընդգծեց միջազգային և ներպետական ուղևորատար գնացքների չվացուցակների կատարելագործման անհրաժեշտությունը:

Հատուկ կարևորելով անվտանգ երթևեկության հարցը՝ ընկերության ղեկավարը նշել է, որ 2019 թվականին գծի գնահատականը բարելավվել է 1 կետով՝ կազմելով 74 միավոր:

Երկաթուղում շարունակվում է գծային տնտեսության և ենթակառուցվածքի բարեկարգումը, էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը: Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, ծրագրված ցուցանիշների կատարումը, ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---