Արցախի բարեկամների համաժողով՝ Ստեփանակերտում

Արցախի բարեկամների համաժողով՝ Ստեփանակերտում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կկայանա «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողով, որի նպատակն է ընդլայնել և ամրապնդել Արցախի ապակենտրոնացված համագործակցությունն օտարերկրյա պետությունների տարբեր շրջանների և քաղաքների հետ, նոր ազդակ և գործնական բնույթ հաղորդել Արցախի արդեն առկա միջազգային կապերին, ինչպես նաև ստեղծել Արցախին աջակցող սուբյեկտներին, քաղաքական և հասարակական գործիչներին միավորող ցանց։

Համաժողովի համակազմակերպիչներն են Արցախի արտաքին գործերի նախարարությունն ու ՀՅ Դաշնակցությունը։ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի փոխանցմամբ՝ համաժողովին մասնակցելու են տարբեր երկրներում գործող Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի և շրջանակների, ինչպես նաև քաղաքական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, պատվիրակություններ Արցախի անկախությունը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող վարչատարածքային միավորներից. ընդհանուր՝ մոտ 30 երկրներից ավելի քան 150 քաղաքական-հասարակական գործիչներ և մտավորականներ։

Համաժողովին ուղերձով հանդես կգա Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Ելույթներ կունենան Արցախի Ազգային ժողովի նախագահը, Պետական նախարարը, Արտաքին գործերի, Կրթության, գիտության և սպորտի, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարները, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, Հայ դատի Վաշինգտոնի և Բրյուսելի գրասենյակների ներկայացուցիչները։

Համաժողովի քննարկումները կանցկացվեն երկու թեմաների շուրջ՝ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և խաղաղ կարգավորման գործընթացը», և «Արցախի Հանրապետության միջազգային կապերի ընդլայնման հնարավորությունները տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում՝ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությանը դիմագրավելու նպատակով»։

Համաժողովը կընդունի հռչակագիր։

 Ուշագրավ
Ցույցին մասնակցող ուսանողները համալսարանների ներսում բերաները կապած «խոսում են» միայն պաստառների միջոցով
Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցակագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները
Նշվում է, որ մինչև ապրիլի 15-ը՝ ժ. 22։00-ն սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ տեղաշարժը հսկելու համար
Քննարկվել են հնարավոր հետագա քայլերը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները