ԳՇ պետ. Զորավարժություններում հակաօդային և հակատանկային նոր զինատեսակներ են փորձարկվել

ԳՇ պետ. Զորավարժություններում հակաօդային և հակատանկային նոր զինատեսակներ են փորձարկվել

PanARMENIAN.Net - Հայկական Զինված ուժերում անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում փորձարկվել են նաև նոր զինատեսակներ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Չնշելով անվանումները՝ կասեմ, որ հիմնականում դրանք վերաբերում են հակաօդային և հակատանկային պաշտպանությանը», - ասել է ԳՇ պետը, հայտնում է Aysor.am-ը:

«Մասնավորապես, հակաօդային պաշտպանության առումով մենք ավելացրել ենք հնարավորությունները՝ հեռավորություն, բարձրություն և ավելի փոքր արտացոլող մակերեսներով սարքերը խոցելու ունակություն։ Որոշակի զինատեսակներ նաև արդիականացվել են, որի ապացույցը եղավ Պաշտպանության բանակի կողմից անօդաչու թռչող սարքի խոցումը։ Կարող է շատ փոքր մակերես ուներ տվյալ անօդաչու թռչող սարքը և նախկինում չէր հաջողվել ՊԲ-ին նման խնդիրներ կատարել, դա նույնպես արդիականացման արդյունք էր»,-ասել է նա։

Անդրադառնալով հակատանկային միջոցներին՝ Արտակ Դավթյանն ասել է.«Հակատանկային միջոցների մասով կարող եմ ասել, որ մեծացել է հեռահարությունը։ Մոտավորապես, մեր ունեցած միջոցներից՝ երկու անգամ, և որոշակի աշխատանքներ են տարվել, որպեսզի հակատանկային միջոցներ անմիջապես կիրառող անձնակազմի անվտանգությունն ու կենսունակությունը մարտի դաշտում ավելի մեծանա»։

ԳՇ պետն ընդգծել է, որ զորավարժությունների ընթացքում իր համար հատկապես ուրախալի էր Պաշտպանության բանակում խոշոր տրամաչափի հեռահար համազարկային կրակային միջոցների՝ «Սմերչ»-երի, ներդաշնակ կիրառումը։

«Ինչ վերաբերում է նոր միջոցների ձեռքբերմանը՝ մենք հիմա էլ ձեռք ենք բերում, հիմնականում փորձում ենք ձեռք բերել այն սպառազինությունը, ռազմական տեխնիկան, որը պահանջում է քիչ անձնակազմով լավ ուսուցված անձնակազմով, արդյունավետ խնդիրների կատարում», - ասել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---