Անտառապահն ապօրինի 75 ծառ է հատել. Մեղադրանք է առաջադրվել

Անտառապահն ապօրինի 75 ծառ է հատել. Մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Եղեգնուտի անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառապահի կողմից ծառերի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել անտառապահին:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Եղեգնուտի անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառապահը, 2019 թվականի օգոստոսի 10-ից մինչև նույն թվականի սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով ՀՀ Անտառային օրենսգրքի 45-րդ հոդվածով սահմանված դրույթները, այն է՝ անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի և անտառհատման տոմսի կամ անտառային տոմսի հիման վրա, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն պատկանող բենզասղոցի գործադրմամբ, միայնակ նշված պահաբաժնում ապօրինի հատել է ընդհանուր թվով 75 հատ՝ 10 սմ-ից մինչև 56 սմ հատման տրամագծով բոխի, բալենի, լորենի և ուռենի տեսակի ծառեր:

Քննության տվյալներով՝ առաջացած 21,09 խտացված խմ ծավալով փայտանյութի մի մասը նա օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ մնացածը՝ վաճառել՝ այդկերպ պատճառելով ընդհանուր 2.053.500 ՀՀ դրամի վնաս:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համակցությամբ՝ անտառապահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 Ուշագրավ
Մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից
2020-ի պետբյուջեով նախագծին արդեն տրամադրվել է 526 մլն դրամից ավելի
Որոշումը կայացվել է պարետատան և առողջապահության նախարարության հետ քննարկման արդյունքում
Շիրակում մայիսի 1-ի դրությամբ մեկուսացման և ինքնամեկուսացման մեջ են 339 քաղաքացի