// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Սանիթեք». ՀՀ-ն ի վիճակի չէ ապահովելու արդար դատաքննություն

«Սանիթեք». ՀՀ-ն ի վիճակի չէ ապահովելու արդար դատաքննություն

PanARMENIAN.Net - «Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ մասնավորպես նշելով, որ «դատական պաշտպանության միջոցները Հայաստանի Հանրապետությունում չեն գործում և պետությունը ի վիճակի չի ապահովել արդար դատաքննության իրավունքի» իրացումը օտարերկրյա ներդրողի կողմից:

«Հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետը հանդիսավոր կերպով ազդարարեց Երևան քաղաքում աղբահանության օպերատորների հետ պայմանագրերի լուծման մասին և դրա վերաբերյալ պաշտոնական ծանուցումներն ուղարկեց օպերատորներին:

«Սանիթեք» ընկերության իրավաբանական թիմի կողմից ծանուցումների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ժամանակագրությամբ ներկայացված հիմքերը վկայում են մեկ բանի մասին` նախընտրական պահից սկսած մինչև պայմանագրի լուծման պահը քաղաքային իշխանությունների գերնպատակն է եղել բոլոր հնարավոր մեթոդներով վնասել օպերատորների գործունեությունը` այն հասցնելով իր տրամաբանական ավարտին` պայմանագրերի լուծմանը:

Հասարակությանը չծանրաբեռնելու նպատակով սույն հաղորդագրությամբ մենք չենք անդրադառնա իրավական խրթին հարցերին, փոխարենը կանդրադառնանք մի փաստի, որն այս իրավիճակում համարում ենք էական»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ծանուցումների վերլուծությունը ցույց է տվել, որ Երևանի քաղաքապետարանն ըստ էության մինչ քաղաքապետի հայտարարությունը` ցանկացած պահի կարող էր միակողմանի լուծել պայմանագրերը, քանի որ ծանուցումներում նշված իրավական հիմքերը առկա էին վաղուց:

«Սակայն, այս պահին պայմանագիրը լուծելու համար անկյունաքարային հանգամանք է հանդիսացել այն, որ Երևանի քաղաքապետարանի տրամադրած տեղեկությունների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս եկել է մի եզրահանգման, որ Երևանի քաղաքապետարանի և օպերատորների միջև պայմանագրերի կնքմանը նախորդել են մի շարք խախտումներ: Ավելին, այս առիթով հարուցվել է քրեական գործ:

Ստացվում է մի իրավիճակ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցելու մասին իր հաղորդագրությամբ կոպտորեն խախտել է անմեղության կանխավարկածը և Երևանի քաղաքապետը, հիմք ընդունելով միայն քրեական գործ հարուցելու մասին փաստը, առաջնորդվել է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությամբ` որպես վերջին ատյանի դատավճիռ, հաստատելով անմեղության կանխավարկածի խախտման փաստը` լուծել է պայմանագրերը:

Հարկ ենք համարում նշել, որ «Սանիթեք» ընկերության դեմ ֆինանսական և տեխնիկական սանկցիաներին, բացի Երևանի քաղաքապետարանից, ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ ՊԵԿ-ից` վերջերս լծվեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը` աննախադեպ կերպով հրապարակելով մեկ մասնավոր կազմակերպությունում 2018-2019թթ. մարդու իրավունքերի խախտման վերաբերյալ տեղի ունեցած «աղաղակող» խախտումների վերաբերյալ հատուկ զեկույց:

Իսկ այս ողջ ժամանակաշրջանում ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՀ ՊԵԿ-ը, անհիմն քրեական գործեր հարուցելուց բացի, զբաղված էին իրենց որոշումները դատական կարգով վիճարկելու հնարավորությունից «Սանիթեք» ընկերությանը զրկելու գործընթացով, միտումնավոր կերպով բազմաթիվ անգամներ չներկայանալով դատական նիստերին:

Այս հանգամանքը հիմք է տալիս հայտարարելու, որ դատական պաշտպանության միջոցները Հայաստանի Հանրապետությունում չեն գործում և պետությունը ի վիճակի չի ապահովել արդար դատաքննության իրավունքի իրացումը օտարերկրյա ներդրողի կողմից:

Ամփոփելով նշվածը` Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության և գործին առնչվող մյուս մարմինների գործողությունները` «Սանիթեք» ընկերության կողմից գնահատվում են որպես խտրական և պատժիչ` նպատակ ունենալով օտարերկյա ներդրող համարվող ընկերությանը ենթարկել էքսպրոպրիացիայի` բռնագանձելով վերջինիս ակտիվները: Ինչպես ընդունված է ասել Հայաստանում` ոչ մի բան պատահական չի լինում և ոչ մի լավ բան անպատիժ չի մնում»:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ քաղաքապետարանն ամբողջությամբ խզում է «Սանիթեքի» հետ պայմանագիրը։Նա նշել էր, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով:

Քաղաքապետն իր խոսում նշել է, որ 2017 թվականից Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ այդ գործում և այդ իրավիճակը շարունակվել է մինչև 2019 թվականի սեպտեմբեր:

 Ուշագրավ
«Նուբարաշեն»-ում պահվում է 367 անձ, «Արմավիր» ՔԿՀ-ում՝ 708-ը
Նրա հետ եղած անձը նույնպես ոստիկանությունում է
ՀՀ խորհրդարանի շենքը բնութագրվում է որպես «հոյակերտ, սիմետրիկ շինություն»
«Աղբամանը դրիմ»

Ինչպես անցավ նոր քաղաքապետի մեկ տարին

 Ամենաընթերցվողը բաժնում